Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր կկայանա «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ելույթ կունենա 16 համարի ներքո: Մրցույթին հնարավոր կլինի հետեւել ժամը 23:00-ին Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի եթերում:
Մրցույթն այս տարի կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, իսկ ահա հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:
«Եվրատեսիլ-2017»-ի բեմը կշռում է շուրջ 30 տոննա եւ զբաղեցնում է 350 ք.մ. տարածք: Այն կառուցելու համար ներգրավված է եղել շուրջ 800 մարդ: Մրցույթի շրջանակում կօգտագործվեն աննախադեպ քանակով ձայնային եւ լուսային սարքավորումներ:
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները:
Հայկական ժառանգության բացառիկ նմուշները «Հայկական դրոշմազարդ կտավ» եւ «Հայկական զարդարվեստ» ձեռնարկներից են: Հին զարդանախշերի գեղարվեստական մշակումները բացառիկ իրավունքով տրամադրել է նշված ձեռնարկների հեղինակ Արմեն Քյուրքչյանը:
Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականցման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր եւ ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաեւ երեք բեք-վոկալիստներ: