Դիտեք նաև՝
Սեպտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սոչիում կկայանա «Նոր Ալիք» երգի միջազգային մրցույթը, որում Հայաստանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կներկայացնի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը: Asekose.am-ը զրուցել է երգչուհու հետ՝ իր մասնակցության, նախապատրաստական աշխատանքների, ընտրված երգերի և իր՝ հավանական հաղթանակի մասին:
Թեև Սյուզաննան չցանկացավ շատ փակագծեր բացել իր նոր՝ «Навсегда» երգի մասին, որով ինքը ներկայանալու է մրցույթին, բայց, այնուամենայնիվ, առաջինն Asekose.am-ին հայտնեց որոշ մանրամասներ.
«Երգի երաժշտության հեղինակն ուկրաինաբնակ Շուշան Սարգսյանն է, ով նախագծի շրջանականերում հանդիսանում է նաև իմ երաժշտական պրոդյուսերը, իսկ խոսքերինը՝ ուկրաինացի Նատալյա Ռոստովան է: «Навсегда» երգի նախնական աշխատանքները կատարվել են դեռ հունվար ամսին, իսկ արդեն մարտ ամսին հայտ ներկայացրինք «Նոր Ալիք»-ի նախընտրական փուլին մասնակցելու համար: Տվյալ երգն ի սկզբանե գրվել է հենց այս մրցույթի համար»,- նշեց Սյուզաննան՝ մանրամասնելով, որ օրեր առաջ ստացել է համաձայնություն՝ մրցույթի եզրափակիչ փուլում հենց տվյալ երգը ներկայացնելու համար:
«Օրեր առաջ մրցույթի կազմակերպիչները տեղեկացրին ինձ, որ հաստատում և թույլատրում են տվյալ երգը ներկայացնել «Նոր Ալիք»-ի եզրափակիչ փուլում՝ որպես հեղինակային երգ: Նշեմ, որ երգը հենց այնպես չի գրվել, ամեն ինչ նախօրոք քննարկվել է, փորձել ենք ինչ-որ չափով իմ անձը ներգրավել նաև երգի մեջ: Հետագայում, երբ հանդիսատեսն արդեն հնարավորություն կունենա լսելու երգը, պարզ կդառնա, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց երգչուհին:
Խոսելով երգի հեղինակների հետ իր համագործակցության մասին՝ Սյուզաննան նշեց.
«Այս դեպքում շատ ճիշտ կլինի իմ կողմից մեջբերել «Ամեն ինչ հենց այնպես չի լինում» արտահայտությունը: Շուշանի հետ ես ծանոթացել եմ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ժամանակ, ստացվում է, որ մեր ծանոթությունը եղավ ճակատագրական, իհարկե, լավ իմաստով ճակատագրական: Մինչ այս, մենք բազմիցս ենք խոսել, մրցութում մասնակցելու իմ ցանկության մասին: Շատ լավ տեղյակ լինելով ռուսական շոու բիզնեսի անցուդարձից` Շուշանն ինձ մի շարք խորհուրդներ տվեց, ինչի արդյունքն էլ եղավ այն, որ նա դարձավ այս ամենի մի մասնիկը, և հենց նրան ես վստահեցի իմ երգի երաժշտությունը: Իսկ ինչ վերաբերվում է Նատալյային, ապա ասեմ, որ հենց Շուշանի խորհրդով ես դիմեցի նրան: Երգի հետ կապված բոլոր աշխատանքները կատարվել են Ուկրաինայում, մենք բոլորով ընդհանուր մի խումբ դարձանք»,- պատմեց Սյուզաննա Մելքոնյանը:
Անդրադառնալով «Навсегда» երգի ոճին՝ Սյուզաննան նշեց միայն, որ այն ավելի շատ էստրադային, փոփ-ռոք ժանրում է:
Հետաքրքրվելով, թե այս պահին, որ փուլում են գտնվում նախապատրաստական աշխատանքները, արդյո՞ք պարզ է, թե ինչ կերպարներով է նա ներկայանալու մրցութային երեք օրերին, Սյուզաննան ասաց.
«Արդեն հստակ պարզ է, թե մասնակիցներից յուրաքանչյուրի կերպարով որ անհատական դիզայներն է զբաղվելու: Իմ դիզայները Լանա Տուրոկն է, ում հետ իմ հանդիպումը կկայանա օրեր հետո՝ Մոսկվայում: Մրցույթի դիզայներներին հանձնարարվել է, որ ամեն կերպ փորձեն գտնել իրենց մասնակիցների, այսպես ասած, «фишка»-ն, այս պահին էլ ես և Լանան քննարկում ենք, փորձում ենք լուծումներ գտնել՝ իմ «фишка»-ն հնարավորինս ճիշտ ներկայացնելու համար»,- պատմեց երգչուհին:
Հարցին՝ արդյո՞ք նա պատրաստ է գնալ կտրուկ ոճային փոփոխության, ինչպես որ այս տարիների ընթացքում եղել մրցույթի որոշ մասնակիցների դեպքում, Սյուզաննան նկատեց.
«Սրանում կարելի է ասել, որ ճակատագրական ինչ-որ մի բան կա: Այսինքն՝ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք դու հայտնվել ես լավ դիզայների ձեռքերում, թե՝ ոչ: Արդեն ծանոթանալով իմ անձնական դիզայների հետ՝ պետք է վստահաբար ասեմ, որ անգամ եթե լինեն որոշ փոփոխություններ, ապա դրանք կլինեն միայն իմ ցանկությամբ: Ես շատ գոհ եմ Լանայից, որովհետև մինչ այսօր այն տարբերակները, որոնք քննարկվել են, եղել են մեր երկուսի համատեղ ցանկությամբ և կարծիքով: Չեմ կարծում, որ կերպարներիս վերջնական արդյունքը կլինի այնպիսին, որ ես սթրեսի մեջ կընկնեմ, ինչն էլ կխանգարի ելույթ ունենալուս»,- հստակեցրեց երգչուհին:
Մեզ հետ զրույցում վերջինս տեղեկացրեց, որ արդեն իսկ որոշված է, թե բացի իր հեղինակային երգից, ինչ այլ երգերով է Սյուզաննան ներկայանալու մրցութային երկու օրերի ժամանակ, սակայն մանրամասնել, թե որոնք են այդ երգերը, երգչուհին դեռ չցանկացավ:
«Կարող եմ ասել միայն, որ ինքս շատ գոհ եմ երգերի ընտրությունից: Կարծում եմ՝ այս հարցում մենք արդեն հաղթանակ ենք տարել, քանի որ ինձ բաժին է ընկել այնպիսի երգեր, որոնք իրենց ձևաչափով ամբողջովին համապատասխան են ինձ»,- նկատեց Սյուզաննան:
Խոսելով իր մրցակիցների և, առհասարակ, «Նոր Ալիք»-ում իր՝ հնարավոր հաղթանակի մասին, Սյուզաննան անկեղծացավ՝ նշելով, որ այս պահի դրությամբ իրեն որպես մրցակից տեսնում է միայն մեկ մասնակցի` Ուզբեկստանը ներկայացնող Սարդոր Միլանոյին.
«Քանի որ մեզանից յուրաքանչյուրը միմյանցից տեղյակ չէ՝ տարբեր երկրներում ապրելու պատճառով, չգիտեմ, թե ով ինչպես է պատրաստվում մրցույթին: Տեղյակ եմ, սակայն, որ մրցույթի կազմակերպիչները բոլոր մասնակիցների հետ բավական մանրակրկիտ են աշխատում: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մրցույթում ես ունեմ ընդամենը մեկ մրցակից ընկեր, ով Սարդոր Միլանոն է. նա իսկապես հրաշալի երգիչ է: Իսկ ինչ վերաբերում է հաղթանակին, ապա դրա մասին դեռ չեմ մտածում, այս պահին աշխատում եմ հնարավորինս լավ պատրաստվել, քանի որ ամեն ինչ հենց դրանից է կախված»,- ասաց երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան
Կարդացեք նաև՝ Սյուզաննա Մելքոնյանն առաջին անգամ՝ «Դեպի Եվրատեսիլում» պարտվելու իրական պատճառի մասին
Հասնում եմ վերջին կետին, պետք է ես լինեմ հաղթողը, բայց միշտ չեմ հաղթում. Սյուզաննա Մելքոնյան