Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կայանալիք «Սև դառը շոկոլադ» ներկայացումը հետաձգվում է:
«Երեկ ներկայացման փորձի ժամանակ ինձ որոշ դետալներ և կտորներ չէին բավարարում, գոհ չէի, ցանկանում էի փոփոխություններ մտցնել: Որոշ տարաձայնություններ առաջացան իմ և ներկայացման դերասանների՝ Լուիզա Ղամբարյանի և Արամոյի միջև: Նրանք ասացին, որ չեն կարող հասցնել մեկ-երկու օրվա ընթացքում այդ փոփոխությունն իրականացնել: Մենք որոշեցինք ներկայացումը հետաձգել, որպեսզի դերասանները հասցնեն պատրաստվել այդ փոփոխությանը: Առհասարակ, ներկայացումը ժամանակ առ ժամանակ վերանայելու կարիք ունի, դա ընդունված է, արվեստում այդպես է, առավել ևս, որ այն արդեն երեք տարի է, ինչ բեմում է: Մտածեցի, որ պետք է փոփոխություններ կատարեմ, որպեսզի այն ավելի արդիական և հետաքրքիր դառնա: Բոլորին հրավիրում եմ հոկտեմբերի 24-ին դիտելու և գնահատելու այդ փոփոխությունը, կարծում եմ, որ այն պետք էր, և ներկայացումը նոր տեսք կունենա: Իմ զգացողությամբ՝ ներկայացումն այսօր այս վիճակով չպետք է ցուցադրվեր»,-Asekose.am-ին ասաց «Սև դառը շոկոլադ» ներկայացման ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը:
Նրա խոսքով՝ իր հետ համակարծիք է նաև երգչուհի Էմմա Պետրոսյանը, ով «Սև դառը շոկոլադ» պիեսի հեղինակն է:
«Ես և Էմման այն կարծիքին ենք, որ կնոջ և տղամարդու հարաբերությունները մշտապես փոփոխության են ենթարկվում, ըստ այդմ էլ՝ պետք է փոփոխության ենթարկվեր նաև «Սև դառը շոկոլադ»-ը, որի հիմքում կնոջ և տղամարդու կոնֆլիտկն է: Սակայն դերասանները՝ Արամոն և Լուիզան, մեզ հետ համաձայն չէին, ինչն էլ ստեղծագործական տարաձայնության պատճառ դարձավ: Նշեմ, որ դերասանների խնդիրը միայն ժամանակի մեջ չտեղավորվելուն էր վերաբերում»,-ասաց Սուրեն Շահվերդյանը:
Հավելենք, որ «Սև դառը շոկոլադ» ներկայացումը կարող եք դիտել 24-ին ժ. 20։00-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:
Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան
Տիկին նախարար, դուք սխալ եք. Սուրեն Շահվերդյան
Սուրեն Շահվերդյանը` ամուսնալուծության լուրերի և մերժված լինելու մասին
Մարդու գործն է կարևոր, ոչ թե անձը... Սուրեն Շահվերդյանն՝ Արմեն Ամիրյանի մասին