▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոզի բդի, հայերի` Նոր տարին քաղաքականացնելու մասին և ոչ միայն. ինչպես է անցել Հայկ Պետրոսյանի «Հայկ-ական Նոր տարի»-ն

 

Դեկտեմբերի 18-ին և 19-ին Հայկ Պետրոսյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկայացրեց իր նոր` «ՀԱՅԿ-ական Նոր տարի» համերգ-ներկայացումը: Այդ երկու օրերին էլ Հայկ Պետրոսյանը բեմում միայնակ չէր, նա ելույթ էր ունենում կենդանի նվագակցությամբ, ինչպես նաև ընդունում համերգ-ներկայացման հատուկ հյուրերին` Սոնա Ռուբենյանին, Մաշա Մնջոյանին, Միքայել Ոսկանյանին և Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած «Only Girls» խմբին: Ավելի վաղ Հայկը նշել էր, որ համերգ-ներկայացմանն անակնկալ է լինելու, սակայն չէր բացել փակագծերը: Համերգին պարզ դարձավ, որ անակնկալը վերաբերում էր Սևակ Ամրոյանին, ով ևս ելույթ ունեցավ: Asekose.am-ը զրուցել  է Հայկ Պետրոսյանի հետ`  փորձելով պարզել, թե ինչ տպավորություն է նա ստացել համերգ-ներկայացումից:

Շնորհակալ եմ և խոնարհվում եմ

Իմ ամենամեծ համերգ-ներկայացումն էր, շատ մասշտաբային էր ամեն ինչ` լուսային ձևավորումը, հնչյունային տեխնիկան, դեկորները, որոնք հատուկ այնպես  էինք ընտրել, որ ամանորյա, կախարդական մթնոլորտը հանդիսատեսի համար ապահովվի: Ինչ վերաբերում է երաժշտական մասին, ապա ամեն ինչ փորձել էինք հնարավորինս բազմաոճ անել, ինչը, կարծում ենք` կարողացանք ստանալ, կարելի է ասել մի երգը մյուսին ոճային առումով նման չէր, անընդհատ փոխվում էին ժանրերը: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ երաժիշտ ընկերներին, իհարկե, մենք մի թիմ ենք, բայց նրանք իսկապես մեծ ծավալի աշխատանք կատարեցին շատ սեղմ ժամկետներում: Ինչպես նաև ցանկանում եմ շնորհակալական խոսքս և խոնարհումս ուղղել դեկտեմբերի 18-ի հանդիսատեսին, որովհետև առաջին օրվա հանդիսատեսը շատ ջերմ է լինում ու ներողամիտ, չէ՞ որ առաջին տոմս առնողները հենց նրանք են: Չմոռանանք, որ այսպիսի մեծ նախագծերի ժամանակ մեկ-երկու թերություններն անխուսափելի են, իսկ հանդիսատեսն իր ջերմությամբ այդ ամենը կոծկում է, կարծես ասում է. «Հայկ ջան, ոչինչ, շարունակիր, մենք եկել ենք քեզ տեսնելու»: Իսկապես այդ ամենի համար շատ շնորհակալ եմ:

Երկրորդ համերգն ավելի լավ անցավ

Իմ կարծիքով` դեկտեմբերի 19-ի համերգն ավելի լավ անցավ, որովհետև ամեն ինչ ավելի հղկված էր, լուծել էիք մի քանի փոքր խնդիրներ, որոշակի փոփոխություններ էինք մտցրել: Ամեն ինչ անցավ շատ սահուն անցավ, ինչպես նաև եթե առաջին օրը Սոնա Ռուբենյանը և Մաշա Մնջոյանը չկարողացան համերգի եզրափակիչ հատվածում մնալ, որովհետև շտապում էին մաեստրո Երվանդ Երզնկյանի 70 ամյակին նվիրված համերգին, ապա դեկտեմբերի 19-ին նրանք արդեն կային: Համերգն էլ արդեն այլ ձևով եզրափակեցինք, կարծում եմ, որ շատ ավելի լավ անցավ, դահլիճն էլ մեզ հետ երգում էր:

Քաղականությանն անդրադառնալու մասին

Նախկինում ասել էի, որ հնարավորինս քիչ եմ անդրադառնալու քաղաքականությանը: Այս անգամ խոսում էի` առանց կոնկրետանալու, կատակներ էի անում այն մասին, թե ինչ կլիներ, եթե ես լինեի քաղաքական գործիչ: Ես ավելի գլոբալ էի խոսում` նշելով, որ մեզ մոտ նույնիսկ Ամանորն է քաղաքականացված, հիմնական շեշտը դրված էր տոնական մթնոլորտի վրա: Ընդհանուր առմամբ, այս համերգ-ներկայացման մասին շատ լավ արձագանքներ եմ լսել: Մարդիկ ասում են, որ էլի կրկնեմ, բայց դեռ հստակ չեմ կարող ասել` արդյո՞ք կկրկնենք, սակայն ավելի շատ կարծում եմ, որ` ոչ, սակայն Նոր տարվա օրերին «ՀԱՅԿ-ական Նոր տարի» համերգ-ներկայացումը կկարողանաք տեսնել «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:

Երգիչ, ով նաև կատակում է

Արդեն ասել եմ, որ ստեղծագործական կյանքի այս փուլում ավելի շատ ձգտում եմ դեպի երգը: Հիմա ավելի շատ աշխատում եմ երգերի վրա և բեմական կերպար կերտելիս ինձ ավելի շատ տեսնում եմ երգչի կերպարում, ով երգերի դադարների ընթացքում  խոսում է, պատմություն պատմում, նաև` կատակում: Կամաց-կամաց կփորձեմ stand up-ից հեռանալ, թեպետ կատակները միշտ էլ կմնան, որովհետև ես տեսակով այդպիսին եմ: Կարծում եմ, որ եթե ներկայացում գրեմ, ապա այն կլինի շատ կատակներով, սակայն համերգի դեպքում ցանկանում եմ, որ գերակշռողը լինի երգը: Համերգից անմիջապես հետո կրկին աշխատում եմ երգի ուղղությամբ, երգեր եմ ձայնագրում:

Միասնական աղոթք զինվորների համար

Ես իմ ստեղծագործական գործունեության ընթացքում շատ ավելի մեծ դահլիճներում եմ ելույթ ունեցել, սակայն` մի քանի համարներով: Իմ նախկին համերգ-ներկայացումները կայացել էին Տիկնիկային թատրոնում, որտեղ ելույթ էի ունենում մոտ 300 մարդկանց դիմաց, սակայն, իհարկե, «ՀԱՅԿ-ական Նոր տարի»-ի դեպքում ամեն ինչ այլ էր: Թող անհամեստություն չթվա, բայց կարծում եմ, որ մեծ քայլ արեցինք, մասշտաբները մեծացրինք բոլոր առումներով: Հնարավորինս աշխատեցի կերպարիս վրա, որ stand up-ի  կոմիկ Հայկը չլինի, լինի երգիչ, ով նաև կատակում է, դրան եմ ես գնում, և հենց դա է ինձ գրավում: Ինչ վերաբերում է լարվածությանը, ապա նշեմ, որ այսպիսի համերգներն ընդհանրապես կազմակերպվում են մի քանի ամիսների ընթացքում, բայց քանի որ հայ ենք և ապրում ենք Երևանում, ապա այդ ափալ-թափալությունը եղավ (ժպտում է), կարողացանք շատ արագ կազմակերպել, չմոռանանք, որ այս օրերին շատ են ամանորյա կորպորատիվ միջոցառումները, բայց ամեն ինչ հաջողությամբ իրականացրինք: Մեծ էր նաև հուզմունքը, առավել ևս, որ բավական երկար ժամանակ է, ինչ ելույթ չէի ունեցել հանդիսատեսի առջև, իսկապես շատ շնորհակալ եմ հանդիսատեսին: Շատ հուզիչ էր նաև այն հատվածը, երբ եզրափակիչ հատվածում հորդորում եմ հանդիսատեսին աչքերը փակել և աղոթել սահմանին կանգնած զինվորների համար:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին