▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչինչ չենք արել ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար. Կարեն և Սևակ

 

 

 

 

 

 

 

 

 

«Karen Sevak Music» production-ը, ի դեմս երաժիշտներ Կարեն Համբարձումյանի և Սևակ Մելքոնյանի, 5 տարվա ակտիվ գործունեությունից հետո թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է «Դեպի տուն»:

Asekose.am-ը կապ հաստատեց Կարեն Համբարձումյանի հետ՝ զրուցելու ձայնասկավառակի ստեղծման, դրանում ընդգրկված ստեղծագործությունների և հայտնիների հետ իրենց համագործակցությունների մասին.

Մեզ հետ զրույցում Կարենը տեղեկացրեց, որ «Դեպի տուն» ձայնասկավառակում ընդգրկված է 12 երգ.

««Արմենիա», «Դեպի տուն», «Իրական», «Հարսանեկան», «Մենություն», «Ես քո զինվորն եմ», «Ես գիտեմ»,  և այլն… ահա այն երգերի մի մասը, որոնք ներգրավված են մեր ձայնասկավառակի մեջ: Ստեղծագործություններից մի քանիսը, իսկ ավելի կոնկրետ 2-ը, արդեն վաղուց հայտնի դարձած երգերի cover տարբերակներն են, որոնց գործիքավորումը կատարել ենք հենց մենք»,- նշեց երաժիշտը:

 Ի տարբերություն այլ երաժիշտների ձայնասկավառակների՝ «Դեպի տուն» ձայնասկավառակը, ինչպես ասաց Կարենը, իր տեսակով տարբերվում է, քանի որ դրանում զետեղված ստեղծագործությունների ոճերը բոլորովին նման չեն միմյանց, ինչպես սովորաբար լինում է.

«Այս ձայնասկավառակի միջոցով ամփոփել ենք մեր 5 տարվա աշխատանքը, ցույց ենք տվել մեր երաժշտական ճաշակը, մեր հոգու երաժշտությունը, որը բավական հեռու է կոմերցիոն լինելուց: Ոչինչ չենք արել ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար, պարզապես ցանկանում էինք մատուցել այն երաժշտությունը, որը նախընտրում ենք հենց մենք»,- նկատեց Կարեն Համբարձումյանը՝ ավելացնելով. «Ապրիլյան պատերազմ, կարոտ, մենություն, վերադարձ դեպի հայրենիք, հայկական երաժշտական գործիքներ, ազգային երաժշտություն, սեր… ահա այն ամենը, ինչ ունկնդիրը հնարավորություն կունենա վերապրելու և վերհիշելու՝ լսելով մեր  ստեղծագործությունները:

Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ձայնասկավառակը վաղուց չէ, որ թողարկվել է, երաժիշտներն արդեն ձեռնամուխ են եղել նոր ձայնասկավառակի աշխատանքներին: Այս անգամ, սակայն, Կարենի և Սևակի ձայնասկավառակը, որը կրկին բաղկացած կլինի թե իրենց ստեղծագործություններից և թե հայտնի երգերի cover-երից, ինչպես նշում է Կարեն Համբարձումյանը, միմիայն հայկական ձևաչափով կլինի:

Անդրադառնալով իր և Սևակի՝ հայտնիների հետ համագործակցությանը, Կարենն ասաց.

«Սկսած 2012թ-ից, երբ հիմնվեց «Karen Sevak Music» production-ը,  մենք ստեղծել ենք տասյակ երգեր, նկարահանել ենք մի շարք տեսահոլովակներ, մենահամերգներով հանդես ենք եկել մի շարք երկրներում, ինչպես նաև համագործակցել ենք հայկական շոու բիզնեսի մի շարք երգիչ, երգչուհիների հետ՝ Սիրուշո, Ռազմիկ Ամյան, Արման Հովհաննիսյան, Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան, Արամե, Լիլիթ Հովհաննիսյան, Սարո Թովմասյան, Արմենչիկ, Արմինկա, Իվետա Մուկուչյան, Մարտ Բաբայան և այլք, իսկ ինչ վերաբերվում է արտերկրի արտիստներին, ապա համագործակցել ենք ռուս հայտնի երգչուհի Վալերիայի, Անգելինա Կապլանի և իսպանացի երգիչ Գոնսալո Այուսոյի հետ»,- Asekose.am-ի հետ զրույցում պատմեց Կարեն Համբարձումյանը:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին