▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորություն ենք արել, հանդիսատեսը չի տեսնելու հերթական նույնանման կոմեդիան կամ աղետի մասին ֆիլմը. Տիգրան Նալչաջյան

 

 

 

 

 

 

 

 

 

Մարտի 1-ին տեղի է ունեցել Տիգրան Նալչաջյանի` «Արթնացիր» երիտասարդական դրամայի պրեմիերան: Տիգրան Նալչաջյանը, ով նաև ֆիլմի սցենարի հեղինակը և դերակատարներից մեկն է, Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ պրեմիերայից մի քանի օր է անցել, սակայն արդեն լավ արձագանքներ է լսել.

«Երբ ֆիլմ ես նկարահանում, ինքդ ունես քո սուբյեկտիվ կարծիքը քո սեփական աշխատանքի նկատմամբ, սակայն երբ արդեն մյուսներն են նայում, ու դու լսում ես տարբեր կարծիքներ, քո սուբյեկտիվ կարծիքը դառնում է օբյեկտիվ: Ես այս առումով ուզում եմ կարծիքները բաժանել երկու խմբի` մարդկանց, ովքեր պրեմիերային էին դիտել և շնորհավորել, և նրանց, ովքեր գումար են հատկացրել և գնացել ֆիլմը դիտելու: Ինչ խոսք, պրեմիերայի օրը հիացական խոսքերը շատ էին, ինքս էլ օդերում էի սավառնում, սակայն սպասում էի հաջորդ օրվա արձագանքներին, որպեսզի կինոթատրոններից իմանամ մարդկանց տպավորությունների մասին: Շատ ուրախ եմ, որ այն հանդիսատեսը, որը գումար է վճարում, գոհ է դուրս գալիս կինոթատրոններից: Նման դրական կարծիքներ ենք հանդիպում նաև ֆեյսբուքում` գրառումների տեսքով, մոնիթորինգը շատ լավ արդյունքներ է տալիս»:

Հարցին` թե ինչու՞ պետք է նայել այս ֆիլմը` Տիգրան Նալչաջյանը նշեց հետևյալը.

«Առաջին հերթին սա լրիվ նորույթ է շուկայում, այսպիսի ֆիլմ չկա` այս ժանրի և այս ոճի: Բոլորն են ասում այդ մասին, միայն իմ կարծիքը չէ: Սա լրիվ նորույթ է իր բազմաժանրությամբ, իր շրջադարձերով, նկարահանման ոճով. մեր ֆիլմը լրիվ տարբերվում է վերջին տասը տարիներին նկարահանված ֆիլմերից, լրիվ նորություն ենք արել, հանդիսատեսը չի տեսնելու հերթական նույնանման կոմեդիան կամ ֆիլմ աղետի մասին, որը թափվել է մեր ազգի գլխին, որի ժամանակ բազմահազար հայեր են մահացել: Այդ  թեմաները շատ կարևոր են, նույնքան կարևոր են դրանց արծարծումը, բայց մենք ներկայացրել ենք ուղղակի երիտասարդական ֆիլմ, քաղաքային պատմություն, որտեղ հերոսներն ունեն իրենց խնդիրները, լուծման եղանակները, հանդիսատեսն էլ այս ամենին կտա իր գնահատականը»:

Տիգրանի խոսքով`  այս ֆիլմը կարող է հետաքրքիր լինել ինչպես հայերի, այնպես էլ` այլազգիների համար.

«Եթե մենք նկարահանում ենք ֆիլմ ժամանակակից երիտասարդության մասին, որի գլխավոր հերոսուհիներից մեկը 15-16 տարեկան է, իսկ մյուս հերոսները 20-ից 30 տարեկան են, ապա պետք է հաշվի առնենք, որ արդեն 90-ականների կամ 2000-ականների «քյառթու» երիտասարդները չեն, այլ ժամանակակից սերունդն է, ով գեղեցիկ և ոճային է հագնվում, ռոք է լսում, օրինակ` «Նեմրա»: Ի դեպ, հենց «Նեմրա»-ն մեր ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է: Ընդհանուր առմամբ, մեր ֆիլմի հերոսները եվրոպական ապրելակերպին մոտ կյանքով են ապրում: Մենք չենք կարող անընդհատ ցույց տալ, որ «Ջիպ» է անցնում ու միջից Թաթուլ են լսում կամ այլ ռաբիս երաժշտություն: Մենք նկարահանել ենք այն, ինչ ֆրանսիացին էլ կարող է նայել և հասկանալ: Ֆիլմը համամարդկային է, սակայն հայկականից հեռու չէ, որովհետև հերոսները հայեր են և հայկական մտածողություն ունեն»:

Տիգրան Նալչաջյանը հավելեց նաև, որ այս ֆիլմը չունի հատուկ հաղորդագրություն.

«Ի սկզբանե ստեղծագործելիս որդեգրել եմ քաղաքականություն, որ ֆիլմի մեսսիջն ուղղակի հստակ պետք է լինի լավ ու վատի հարցում: Այսինքն` եթե ֆիլմ ենք նկարահանում և գիտենք, որ այն հիմնականում նայելու են դեռահասներ ու երիտասարդներ, ֆիլմի վատ արարքները չպետք է գրավիչ դառնան: Հիմնականում բոլոր ֆիլմերն էլ բաղկացած են լինում լավ և վատ հերոսներից, ովքեր պետք է խոչընդոտներ հաղթահարեն, ընտրություն կատարեն, մենք էլ մեր հերթին այդ դրականը և բացասականն այնքան լավ ենք տարանջատել, որ վատը գրավիչ չի դառնա, այսինքն` դաստիարակչական առումով ինքն իր դերը կկատարի:  Հաղորդագրություն չկա, ես ուղղակի պատմություններով, լավ դերասաններով, ովքեր իրենց աշխատանքը լավ են կատարել, լավ պատմություն են ներկայացրել: Ֆիլմում կան հոգեվիճակներ, որոնք արդեն ինքնին կլինեն որպես հաղորդագրություններ հանդիսատեսի համար: Ես չունեմ այն մտածողությունը, որ դու յուրահատուկ մեկն ես, ով պարտադիր պետք է հասարակությանն ինչ-որ բան հաղորդի, ես պարզապես ուզում եմ լավ պատմությունը հնարավորինս լավ ներկայացնել, հանդիսատեսն էլ կամ կհավանի, կամ ոչ»:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին