▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները». Հայկ Պետրոսյանը` նոր ներկայացման ոգեշնչման մասին և ոչ միայն

 

«Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները». ահա այսպես է կոչվում երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի նոր` one man show-ն:

Հայկ Պետրոսյանը  Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նախքան ապրիլյան իրադարձություններն արդեն նոր ներկայացման մտքեր ուներ, որը ցանկանում էր սեպտեմբերին հանձնել հանդիսատեսի դատին, պարզապես տվյալ ներկայացումն արդեն դարձել է ժամանակավրեպ: Ըստ դերասանի` ժանրային առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ պետք է միշտ լինել արդիական.

«Գուցե կատակես և մարդիկ ծիծաղեն, սակայն դա նույն արդյունքը չի ունենա, ինչ եթե դու կատակես այն ամենի մասին, ինչը նրանք այդ պահին ապրում են կամ դրանից առաջ են ապրել, այսինքն` այս թեմայի ընտրությունն ինքնանպատակ չէ»:

Հայկ Պետրոսյանն  անդրադարձավ նաև «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները» ներկայացման ամբողջությամբ քաղաքական լինելուն.

«Իմ նախորդ ներկայացումներում` «Հայկա-սթրես»-ում և «Եթե ես լինեի պապա»-ում, կամ ելույթներում, սքեթչերում միշտ կար քաղաքական երգիծանք, սակայն այն այլ էր, իսկ այս ներկայացումը գրեթե 98%-ով շարժման մասին է: Ես ինքս հստակ ոճի ստեղծագործող մարդ չեմ, ես երգում եմ այն, ինչ իմ սրտից է գալիս, եթե խոսքը երգի մասին, կատակում եմ այն բանի մասին, ինչն ինձ այդ պահին թվում է ծիծաղելի է, եթե հանդիսատեսն էլ դա հավանում է, ապա հրաշալի է: Ինչ վերաբերում է նոր ներկայացմանը, ապա ազգովի շատ բաների միջով անցանք, վերապրեցինք, ինչից ելնելով էլ հասկացա, որ նման միտք ունեմ: Կարծում եմ, որ հանդիսատեսը կարիք ունի տեսնելու բեմից այն, ինչն ինքն արել էր փողոցում, կողքից տեսնելու իր հաղթանակը»:

Թեպետ հետագայում Հայկ Պետրոսյանն իրեն առավելապես երգարվեստում է պատկերացնում, նույնիսկ որոշել էր ներկայացումների քանակն ավելի պակասեցնել, սակայն այս դեպքում «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները» բացառիկ է լինելու նաև այդ տեսանկյունից.

«Առաջին անգամ միայնակ եմ լինելու, այսինքն` ինձ հետ բենդ չի լինելու, որը միշտ եղել է: Կփորձեմ ինքս ինձ ստուգել, թե ինչպես կստացվի, եթե միայնակ լինեմ: Չնայած այն հանգամանքին, որ երաժիշտներ չկան, ներկայացումը շատ երաժշտական է լինելու, հագեցած է լինելու երգերով և երաժշտությամբ, այնպես որ դրա պակասը չի լինելու: Ես էլ երաժշտական մարդ եմ, որ մի 20 րոպե չերգեմ բեմի վրա, կարող է մի բան լինի»:

Հատկանշկանն այն է, որ հունիսի 5-ին տեղի ունեցող ներկայացման տոմսերը սպառվել են հաշված օրերում, սակայն արդեն հստակ է, որ Հայկ Պետրոսյանը հուլիսի 8-ին կրկին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նույն ներկայացմամբ է հանդես գալու, ի դեպ, այդ օրը նաև նրա ծննդյան օրն է:

Խոսելով նաև «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները» ներկայացման հետագա ճակատագրի մասին` Հայկը նշեց, որ նախքան հուլիսի 8-ը այդ ծրագրով մարզերում ներկայանալու ցանկություն ունի.

«Թեման արդիական է, այն հնարավորություն է տալիս անընդհատ ձեռքը պահելու զարկերակի վրա, այսինքն` նոր իրադարձություն լինելու դեպքում անմիջապես կարող ես այն մտցել ներկայացման մեջ, այսինքն` Շեքսպիրի «Համլետը» չէ, որ հստակ գործողություններ են: Ամեն բան շատ ճկուն է: Իսկապես տոմսերն այնքան արագ սպառվեցին, որ չհասցրի հրավիրատոմսեր բաժանել: Ինչ վերաբերում  է հետագա ճակատագրին, ապա ցանկանում եմ, որ այն լինի ինչպես շարժման դեպքում եղավ, այսինքն` ներկայացումով հանդես գանք նաև Վանաձորում և Գյումրիում, որովհետև այս երկու քաղաքները շատ մեծ մասնակցություն ունեցան շարժման ընթացքում: Հետո արդեն կրկին կլինենք Երևանում` հուլիսի 8-ին` իմ ծննդյան օրը, հանդիսատեսն էլ կարող է փափուկ խաղալիք նվիրել ինձ, եթե ցանկանա (ժպտում է): Եթե ամեն բան հաջող ընթանա, կարող է մինչև տարեվերջ շարունակեմ հանդես գալ այս ներկայացմամբ: Ցանկանում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցություն են ունեցել այս ամենի կայացման գործում»:

Image may contain: 1 person, text

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին