Արդեն տեղեկացրել ենք, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը վերջին շրջանում ներկայանում է նաև որպես երգչուհի: Նազիկն արդեն տևական ժամանակ է, ինչ «Natural reverb» երաժշտական նախագծով ներկայացնում է համաշխարհային հայտնի հիթերի cover տարբերակները, սակայն օրերս որոշում կայացվեց դերասանուհու ծննդյան 30-ամյակի կապակցությամբ նախագծի երկրապագուների, ընկերների համար առաջին ակումբային ելույթը կազմակերպել:
«Համերգային ելույթ կազմակերպելու գաղափարն իմն էր, որովհետև իմ վաղեմի երազանքն էր: Որոշվեց, որ ելույթը պետք է հուլիսի 3-ին՝ ծննդյանս օրն արվի, քանի որ ուզում էի ինքս ինձ նվեր անել ու ուրախացնել: Ի վերջո, սա, կարծես, մարտահրավեր լինի բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, որ մեծ տարիքում, երբ արդեն ամուսնացած ես ու ունես քո կենցաղն ու հոգսերը, չես կարող հասնել երազանքիդ: Այսպիսով՝ ուզում էի ցույց տալ, որ երբեք ուշ չէ ինչ-որ նոր բան սկսելու: Ինչ վերաբերում է տարիքին, ապա իրականում երբեք ինձ չեմ պատկերացնի 30 տարեկան, ես միշտ մնալու եմ 20-ում, բայց, միաժամանակ, չեմ ցանկանում հավատալ, որ արդեն 30 տարեկան եմ: Ասում են, որ դա կնոջ լավագույն տարիքն է (ժպտում է): Տեսնենք»,-Asekose.am-ին ասաց երգչուհի, դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը:
Նազիկը խոստովանեց, որ առաջին ակումբային ելույթը և հանդիպումը հանդիսատեսի հետ որքան սպասված, նույնքան հուզիչ էր.
«Ես ահավոր էի հուզվում, վաղուց նման հուզմունք չէր եղել: Իհարկե, թատրոնում պրեմիերաների դեպքում էլ եմ հուզվում, բայց այս անգամ այլ էր, երևի, պատասխանատվությունս էր ուրիշ՝ ավելի մեծ, այստեղ դու մենակ չես և դու չես քո գլխի տերը (ժպտում է): Բացի դրանից, կենդանի երգել, այն էլ միանգամից քեզ շատ մոտ նստած հանդիսատեսի առաջ, իհարկե, շատ պարտավորեցնող էր: Սակայն պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ երբ կանգնեցի բեմում և տեսա իմ հարազատ մարդկանց դեմքերը, լսեցի առաջին հնչյունները, այդ ամենն այնքան կարճ տևեց, որ հասկացա՝ էլի եմ ուզում: Այդ օրն ինձ եկել էին լսելու ինձ ամենամոտ մարդիկ, սակայն կային հյուրեր, որոնց չէի ճանաչում ու շատ հաճելի էր, երբ համերգը նկարում էին օտար մարդիկ կամ խնդրում իրենց հետ լուսանկարվել»:
Հարցին՝ արդյո՞ք այսքանից հետո չի պատրաստվում իր երգերով ներկայանալ, ոչ թե cover-ներով, Նազիկն ասաց.
«Իրականում իմ սեփական երգերն ունենալու շատ առաջարկներ եմ ստացել, նույնիսկ այդ օրն իմ շատ լավ ընկերներից մեկի կողմից երգ նվեր ստացա: Հետագայում կմտածեմ անհատական երգի վերաբերյալ, պարզապես ուզում եմ այն շատ լավը լինի, չեմ շտապի: Միանշանակ շարունակելու եմ այս ամենը, որովհետև առանց դրա չեմ ապրի: Երբ ամեն քայլի գնում ես երազանքիդ հասնելու համար, ինչպես կարո՞ղ ես հետ կագնել: Ես կշարունակեմ երգել մոտ ապագայում թարմացված ծրագրով, կփորձեմ ևս մեկ համերգ կազմակերպել»:
Նախորդ զրույցում դերասանուհի, երգչուհին նշել էր, որ իրեն ոգեշնչողն ամուսինն է՝ Պարոնյանի անվան թատրոնի դերասան Արթուր Գեղամյանը, ըստ Նազիկի՝ այդ հարցում ոչինչ չի փոխվել.
«Ամուսինս, իհարկե, առաջին պահից ամեն հարցով կողքիս է, անգամ շատ երգեր ինքն է ընտրել: Համերգի ընթացքում նույնիսկ նկատեցի, որ հուզվել է, ինչը նշանակում է, որ իր ցանկացած արդյունքը ստացել ենք: Կա մի երգ, որը բոլորիս ամենասիրած երգն է, որով էլ արեցի բացումը, հենց այդ ժամանակ էլ նկատեցվի նրա հուզված աչքերը (ժպտում է): Կարծում եմ, որ դա ինձ համար ամեն ինչ էր, այդ պահին լավագույն գնահատականը նրա կողմից: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընկերներիս, երաժիշտներին, և, իհարկե, ամուսնուս: Նա ամեն ինչ արեց, որ ես երբեք չմոռանամ իմ ծնունդը, կարծում եմ և ես, և հանդիսատեսը միշտ կհիշենք իմ 30-ամյակը»,-նշեց Նազիկ Բաղդասարյանը:
Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան
Լուսանկարները՝ Bravo.am-ի