▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ դժվարություններ կային, ես չեմ մեղադրում ծնողներիս. դերասանուհի Նազիկ Բաղդասարյանն անկեղծանում է

 

 

 

 

 

 

 

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը վերջին շրջանում ներկայացել է նաև որպես երգչուհի: Նազիկի խոսքով` այդ հարցում իրեն ոգեշնչողն ամուսինն է`Պարոնյանի անվան թատրոնի դերասան Արթուր Գեղամյանը: Նազիկ Բաղդասարյանը Asekose.am-ի հետ զրուցել է` անկեղծանալով իր անցած ուղու, իրականացած երազանքի, ընտանիքի մասին և ոչ միայն:

Շատ խղճալով ինձ` որոշեց կատարել երազանքս

Երգելու մասին միշտ եմ երազել, ու դրա մասին ամուսինս, բնականաբար, գիտեր, ով միշտ լսում էր երգելս` հատկապես բալիկիս ծնվելուց հետո, երբ ամեն օր քնեցնելիս մի շարք օրորոցայիններ էի երգում: Երևի, շատ խղճալով ինձ` որոշեց կատարել երազանքս: Ամիսներ շարունակ մտածում էինք` ինչպես ներկայանալ: Մի օր ամուսինս, ինչպես ինքն է պատմում, երեխային քոլեջից տուն բերելու ճանապարհին մի այնպիսի վայրով է անցնում, որտեղ լինում է մեծ ակուստիկա, ու հենց այդտեղից էլ առաջանում է նման նախագիծ անելու գաղափարը: Դեռ իր ուսանողական տարիներից Արթուրն ինձ հետ ինչ-որ նախագիծ անելու ծրագրեր ուներ, որտեղ ես կներկանայի տարբեր cover-ներով: Իմ սերը դեպի երգն ու երգեցողությունն այնքան մեծ է, որ մեր հարսանիքի բացումն արեցինք երգելով` դուետով կատարելով Ռուբեն Հախվերդյանի «Մեր սիրո աշունը» երգը:

Այս օրվան մի ամբողջ կյանք էի սպասել 

Երբ ստեղծեցինք «Natural reverb» նախագծի ստեղծումը, ի սկզբանե ես չէի նախատեսում, որ կոմերցիոն  բնույթ պետք է ունենա, որովհետև ինձ համար գերագույն նպատակը պարզապես երգելն էր` այս օրվան մի ամբողջ կյանք էի սպասել: Չնայած դրան` հետագայի համար, իհարկե, պետք է մտածել նաև ակումբային ելույթների մասին:

Շատ դժվարություններ կային, ես չեմ մեղադրում ծնողներիս

Ցավոք, այնպես է ստացվել, որ չեմ գնացել երաժշտական ուղղությամբ` չնայած հիշում եմ, թե ինչպես էի երազում: Միայն հիշում եմ, որ երբ շատ փոքր էի, մայրս տարավ ինձ երաժշտական դպրոց` դաշնամուրի բաժին, հիշում եմ, թե ես ինչքան ոգևորված էի այդ ժամանակ: Շատ լավ է տպավորվել, թե ուսուցիչը գովեստի խոսքեր ասաց հենց առաջին դասին`ասելով, որ քեզ մեծ ապագա է սպասում, քանի որ ունեմ բացարձակ լսողություն: Դա ինձ շատ էր ոգևորել, ցավոք այն տարիներին շատ դժվարություններ կային, ու ես չեմ մեղադրում ծնողներիս: Երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, ես ընտրեցի էլի արվեստի մի ճյուղ, որը հեռու չէր իմ երազանքից: Ի վերջո, երբ առաջին անգամ ոտք դրեցի Թատերական ինստիտուտ, սիրահարվեցի թե' իմ մասնագիտությանը, թե' Թատերական ինստիտուտին: Ի վերջո, գալիս եմ նույն համոզմանը, որ կյանքում ոչինչ չի լինում պատահական:

Թատրոնի մասին

Արդեն շուրջ 8 տարի է, ինչ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի եմ, անչափ սիրում եմ իմ մասնագիտությունը: Այս պահին թատրոնում սկսել ենք փորձերը, շուտով արդեն խաղաշրջանը կբացվի, այնպես որ թատրոնում էլ շատ բուռն գործունեության մեջ ենք:

Չէի կարողանում ինձ պատկերացնել սերիալային ձևաչափում

Մի շրջան կար, երբ շատ առաջարկներ էի ստանում ու մերժում էի գրեթե բոլորը: Դրա համար հիմնավոր պատճառներ ունեի: Նշեմ, որ ուսանողական տարիներին նկարահանվեցի այնպիսի մի ֆիլմում, որը շատ պրոֆեսիոնալ էր ամեն առումով: Մեր պայմանագրի համաձայն` մինչև ֆիլմի դուրս գալը չնկարահանվենք որևէ այլ տեղ, դրանից հետո արդեն ինքս չէի կարողանում ինձ պատկերացնել սերիալային ձևաչափում: Ես նկարահանվել եմ բազում տեսահոլովակներում, գովազդներում, մի քանի գեղարվեստական ֆիլմերում: Առիթ եմ ունեցել նաև մի քանի հեռուստաընկերությունների տարբեր նախագծերում հանդես գալու: Հիմա էլ առաջարկներ կան, այլ հարց է` առաջարկի բովանդակությունն ու որակը: Օրինակ` վերջերս նկարահանվել եմ Հանրայինի` «Մինասի կյանքը»  ֆիլմում, ինչը մեծ սիրով էի ընդունել:

Ամուսինս դարձավ իմ պրոդյուսերը, լինում են նաև տարաձայնություններ

Միանշանակ հեշտ է, երբ ամուսիններով լինում եք նույն բնագավառից: Մենք շատ լավ ենք իրար հասականում: Միասին շատ գործեր ենք արել: Հաճելի է ամուսնուս հետ գտնվել նույն նկարահանման հրապարակում, քանի որ նա ինձ միշտ մեծ ուժ ու ոգևորություն է տալիս ստեղծագործելիս: Ինչ վերաբերում է մեր Դանիելին, ապա նա շատ խելացի ու յուրօրինակ բալիկ է: Ամուսինս ինքնըստինքյան դարձավ իմ պրոդյուսերը, չնայած որ դա նրա երկրորդ մասնագիտությունն է: Ես շատ շնորհակալ եմ նրան` նման նախագիծ անելու համար, իհարկե, լինում են նաև տարաձայնություններ երգի ընտրության կամ օրինակ` արտաքին տեսքիս հետ կապված, բայց դա, իհարկե, անցողիկ է, որովհետև ի վերջո գալիս ենք համաձայնության:

 

Հեղինակ` Լ. Հակոբյան

.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին