«Ներկայացումը մի փոքր նմանեցնում եմ երեխայի, այն իմաստով, որ երեխայի պես ծնվում է, մեծանում, մեծանալու ընթացքում պետք է իրեն հետևես, պնդեցնես, հղկես:
Ներկայացմանը , եթե այդ տեսանկյունից նայեմ, ապա միշտ էլ աշխատելու տեղ կա, միշտ էլ կարող ես ինչ-որ շտկումներ անել, կատակներն ավելի լավը դարձնել, արտահայտած մտքերը՝ ավելի հստակեցնես: Անհամեստություն թող չթվա, բայց ինձ թվում է, սա բավական հաջողված «երեխա»էր՝ դա ասում եմ հանդիսատեսի ընդունելությունից ելնելով, բուռն ընդունվեց հենց պրեմիերայի օրվանից, թեման շատ արդիական էր»,-Asekose.am-ին ասաց երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները» ներկայացմանը, որի թարմացված տարբերակը՝ «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու. UPDATE» ներկայացնելու է սեպտեմբերի 24-ին և 25-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:
Հայկի խոսքով՝ ժամանակն էր ներկայացման մեջ որոշակի փոփոխություններ մտցնել, քանի որ երկրում նոր իրադարձություններ են տեղի են ունենում.
«Այս ներկայացումն անդրադառնում է արդիական թեմաների, այդ պատճառով էլ բոլոր նորությունները պետք է ներառվեն ներկայացման մեջ՝ ԱԱԾ-ից մինչև ՀՔԾ, գաղտնալսումից մինչև Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, բայց հիմքն նույնն է, ինչ եղել էր պրեմիերայի օրը: Անդրադառնալու եմ բոլոր այն թեմաներին, որոնք, այսպես ասած, պայթեցրել են ֆեյսբուքը: Կարող եմ ասել, որ ներկայացումը երկու մասի եմ բաժանել՝ շարժումը մինչը մայիսի 9-ը, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, իսկ երկրորդ մասում առավելապես աշնանային իրադարձություններն են: Այսինքն՝ այն, ինչ որ եղել է, իսկ երկրորդն այն, ինչ կատարվում է հիմա»:
Հայկ Պետրոսյանը զրույցում անդրադարձավ նաև ներկայացումը դիտած քաղաքական գործիչներին, նշելով, որ հատուկ որևէ բան դրա համար չի արվել:
«Նախարարներ էին եկել դիտելու, այդ թվում՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Չեմ փորձել հատուկ ձևով հրավիրել: Եթե նախկին իշխանության ներկայացուցիչներից էլ գան, ուրախ կլինեմ, որովհետև թատրոն մտնելով նրանք բոլորը դառնում են հանդիսատես: Կապ չունի գեներալ ես, մատուցող կամ այլ աշխատանք ես կատարում: Թատրոնում բոլորը հավասար են, կյանքն այնտեղ այլ է, արժեքներն էլ այլ են: Թող բոլորն էլ գան և դիտեն, ուրախ կլինեմ: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին՝ անձամբ չեմ հրավիրել, բայց գիտեմ, որ տեղեկացված է, սակայն, կարծում եմ, որ այս շրջանում նա զբաղված է, եթե չեմ սխալվում պետք է ԱՄՆ մեկնի, թատրոնը կսպասի: Ամեն դեպքում հետաքրքիր կլինի տեսնել նրա արձագանքը, քանի որ ներկայացմանն իրեն էլ եմ, իհարկե, անդրադարձել»:
Խոսելով հոր՝ Վարդան Պետրոսյանի մասին, Հայկը նշեց, որ նա վերջերս Հայաստանում էր, սակայն արդեն մեկնել է և չի հասցրել դիտել, այնուամենայնիվ տեղեկացված է, որովհետև նախ ինքն է խոսել, ինչպես նաև ներկայացման մասին պատմել են հոր ընկերները, ընտանիքի անդամները, ովքեր դիտել են:
«Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ ասել, որ պարբերաբար ինձ հարցնում են, թե երբ հայրս բեմում կլինի, փոքրիկ գաղտնիք բացեմ՝ հուսանք, որ մյուս տարի ներկայացումներով կլինի Երևանում: Ի դեպ՝ ինքս էլ եմ կարոտել նրան բեմում տեսնելուն»:
Հայկը նշեց նաև, որ ըստ իրեն՝ ներկայացումը դեռ կխաղան, ծրագրում են նաև հյուրախաղերով հանդես գալ: Հնարավոր է ԱՄՆ մեկնեն:
Ամփոփելով զրույցը՝ Հայկ նշեց, որ մեծ սիրով սպասում է բոլորին.
«Միասին վերապրենք այն, ինչ կատարվեց և կատարվում է»:
Կարդացեք նաև՝
Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան