▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդիս հարցրեց՝ արդյո՞ք մահանալու ես. իմ ախտորոշմամբ մի քանի շաբաթ են ապրում. Անի Քոչարի բացառիկ հարցազրույցը

Asekose.am-ը  բացառիկ հարցազրույց է ունեցել Գերմանիայում բնակություն հաստատած, հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարի հետ՝ ծանր հիվանդության, երկարատև բուժման, առողջական ներկա վիճակի, որդու վերաբերմունքի, դժվարությունները հաղթահարելու մեծ ուժ մասին և ոչ միայն:

-  Անի, ամիսներ առաջ համացանցը ողողվեց Ձեր` արյան քաղցկեղ ունենալու լուրով: Դուք ինքներդ առաջին անգամ բարձրաձայնեցիք այդ մասին` Ձեր ֆեյսբուքյան էջում գրառում անելով: Հետաքրքիր է` ինչո՞ւ նման քայլի դիմեցիք, ինչո՞ւ հենց ինքներդ որոշեցիք առաջին անգամ բարձրաձայնել Ձեր հիվանդության մասին, քանի որ Դուք ապրում եք արտերկրում, և մարդիկ, թերևս, այդ մասին տեղեկանալ չէին կարող: Արդյո՞ք դա ներքին պոռթկում էր, թե՞ Դուք աջակցության և քաջալերանքի խոսքերի կարիք ունեիք:

-Ինչ խոսք,  նման դժվարին պահերին մարդ ունի քաջալերման և սատարման կարիք, սակայն միակ պատճառն այդ պահին այն էր, որ ես օրեր առաջ արդեն իսկ հրապարակավ բարձրաձայնել էի Հայաստան վերադառնալու իմ մտադրության մասին, և քանի որ ծանր հիվանդության պատճառով դա անհնարին էր լինելու, ես չցանկացա, որպեսզի մարդիկ կարծեն, թե ստել եմ կամ նրանք, ովքեր ամեն արածումդ կեղտ են որոնում, կրկին սկսեին ինձ չարախոսել: Եվ բացի դա, ես չեմ կարծում, որ գաղտնի պահելու պատճառ կար, անկախ նրանից, թե ես որտեղ եմ ապրում, իմ անձի վերաբերյալ լուրերը շատ արագ տարածվում են, և որպեսզի ապատեղեկատվություն չտարածվեր, ես ինքս որոշեցի հայտնել այդ մասին այն մարդկանց, ովքեր մշտապես հետևում են ինձ նաև վիրտուալ տիրույթում:Եվ հետո, հիվանդությունն ամոթ բան չէ, յոթ փակի տակ պահելու բան չէ: Շնորհիվ իմ բարձրաձայնման, ես այնքան օգտակար խորհուրդներ ստացա մարդկանցից, ովքեր քաջածանոթ են այս հիվանդությանը, այնքան մարդկանց արձագանքը ստացա, որոնք իմ նկատմամբ սխալներ էին գործել, և ես նրանց չէի կարողանում ներել, իսկ այսօր ներել եմ, բոլորին ու ամենքին ներել եմ ու ներդաշնակ եմ ինքս ինձ հետ:

-Ձեր գրառումը կարդալիս չենք կարող ասել, որ այն հուսահատ մարդու գրառում էր: «Ես պատրաստ եմ կյանքի հերթական մարտահրավերին, ինձ բացակա չդնեք»,- նշել էիք Ձեր գրառման մեջ: Երբ առաջին անգամ իմացաք Ձեր հիվանդության մասին, ինչպե՞ս արձագանքեցիք:

- Շոկ ապրած մարդու գրառում էր, ով փորձում է անկախ հանգամանքներից՝ ամուր մնալ, պայքարել և իր` պայքարողի, ուժեղի, հաղթողի  տեսակը չկորցնել: Բայց ասեմ, որ ամիսների ընթացքում փոխվում ես: Չարաբաստիկ հիվանդությունն ու քիմիաթերապիայի հետևանքները քեզ աննկատ այնպես են փոխում, որ մի օր նայում ես հայելուն և ինքդ քեզ չես ճանաչում: Ես նայում էի ինձ ու չէի հավատում, որ այդ ես եմ, ես իմ աչքերին էի նայում և զգում, որ կորցրել եմ ինձ և կռիվ տալիս ինձ հետ, որ ես ավելի ուժեղ պետք է գտնվեմ, քան այդ 21-րդ դարի ժանտախտը: Դժվար է, դժվար է անգամ այս մասին խոսելը, հոգեբանորեն անգամ դեռևս պատրաստ չեմ խորությամբ խոսելու այն ամենի մասին, ինչի միջով անցա և անցնում եմ: Այն մասին, թե ինչպես եմ փոխվել: Ես պատրաստ չէի այս ամենին. ամեն բան այնքան անսպասելի և արագ եղավ: Շոկ էր ինձ ու իմ հարազատների համար:Ես մինչև հիմա չեմ հավատում և չեմ համակերպվում, որ ես ունեմ այդ դաժան ախտորոշումը:Ես վստահ եմ, որ Աստծով բժշկվելու եմ լիարժեք և ապաքինվեմ ու վերադառնամ իմ բնականոն կյանքին: Ինձ շատերն են սպասում, դա է վկայում մարդկանց նամակները:

-Անի, մեր վերջին հարցազրույցի ժամանակ Դուք նշել էիք, որ Ձեզ համար դժվար է Ձեր ծնողներից, քրոջից հեռու ապրելը, որ Ձեզ ցավ է պատճառում Ձեր կյանքի կարևորագույն օրերն առանց նրանց նշելը: Գաղտնիք չէ, որ դժվար պահերին մարդը միշտ էլ հարազատի կարիք է զգում: Այս առումով արդյո՞ք Գերմանիայում Ձեզ շրջապատող մարդիկ կարողանում են լրացնել նրանց տեղը, ինչպե՞ս ընդունեցին այդ լուրը Ձեր հարազատները:

- Դե, ավագ քույրս` Օֆելյան,  ինձ հետ է, մենք միասին ենք ապրում: Նա այս ողջ դժվարին փորձությունն ինձ հետ է անցնում, ինչի համար, իրականում, ինձ շատ մեղավոր եմ զգում, չէի ցանկանա, որ նա այս ցավն ապրեր ինձ հետ: Թեև առանց նրա էլ շատ դժվար կլիներ, նա է ինձ համար հոգ տանում: Նա ինձ խնամում էր, ինչպես փոքր երեխայի, երբ անկողնուց վեր կենալ չէի կարողանում, դաժան օրեր ապրեցինք միասին, օրեր, որ հուսով եմ այլևս երբեք չեն վերադառնալու: ԱՄՆ-ում ապրող քույրս` Սոնան, նույնպես հիվանդության ախտորոշումից ընդամենը օրեր անց արդեն ինձ մոտ էր, ցավոք, ծնողներիս Վիզա չտրամադրեցին, նրանք հեռվից են ինձ սատար կանգնում: Նրանց համար սարսափելի դժվար է այս հեռավորությունն ու անորոշությունը, բայց դե, գուցե այսպես ավելի լավ է: Չէի ցանկանա՝ նրանք ինձ տեսնեին այն փուլում, երբ մահամերձ էի: Նրանց համար ես միշտ լավ եմ, ողջ օրը կապի մեջ են մեզ հետ, և ես միշտ ասում եմ, որ լավ եմ, քանզի ամենաքիչը կուզեմ նրանց ցավ պատճառել: Ես այն երջանիկ մարդկանցից եմ, որ անգամ օտարության մեջ մենակ չեմ, կողքիս են նաև ընկերուհիներս, Եվրոպայում ապրող բարեկամներս` մորաքույրս, մորեղբայրս, նրանց երեխաները, ովքեր ինձ այցի են գալիս: Ես այնքան շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են և ովքեր փորձում են ինձ միայնակ չթողնել այս դժվարին պահերին: Հավատացեք ես այժմ առավել, քան երբևէ ունեի այդ աջակցության կարիքը: Երբ ամիսներով հիվանդանոցում պառկած ես, հոգեխանգարմունքի ես հասնում, և միայն հարազատ մարդիկ են, որ իրենց ներկայությամբ քեզ զգոն են պահում և թույլ չեն տալիս, որպեսզի թուլանաս, հանձնվես: Բոլորը շարունակ պնդում էին, որ ես ուժեղ եմ, որ ես կարող եմ, որ ես պետք է հաղթեմ, իսկ ես պարտավորված էի զգում, չէի ուզում նրանց հուսախաբ անել:  Իսկ, դե որդուս մասին խոսք չկա, ես հանուն նրա եմ պայքարում:

-Անի, հետաքրքիր է`արդյո՞ք Ձեր որդին գիտի մայրիկի հիվանդության մասին, Ձեր բացակայությունը (հիվանդանցում լինելու պատճառով) արդյո՞ք շատ է անդրադառնում նրա բնականոն կյանքի վրա:

- Ինչ խոսք, գիտի, որ հիվանդ եմ, գիտի, որ ստիպված եմ շատ ժամանակ անցկացնել հիվանդանոցում, սակայն դեռևս փոքր է, չի պատկերացնում, թե ինչ ասել է քաղցկեղ և թե դա ինչ է իրենից ներկայացնում: Շատ է սրտնեղում, թե ինչու եմ հիվանդացել, թե ինչու այդքան երկար պետք է պառկեմ հիվանդանոց, թե ինչու այլևս առաջվա նման գեղեցիկ չեմ` մազեր չունեմ, գունատ եմ, տկար, այդ ամենը նրան դուր չի գալիս, անգամ ցավ է պատճառում: Աննկարագրելի ուշադիր է իմ նկատմամբ, փորձում է օգնել, հոգ տանել, սակայն նրա ներկայությամբ ես ինձ շատ ամուր եմ պահում, հրաժարվում օգնությունից և պնդում, որ ես լավ եմ և ամեն բան ինձ հետ կարգին է:Շարունակ հարցնում է, թե դեռ որքան պետք է շարունակվի այս ամենը, դեռևս քանի անգամ պետք է հիվանդանոց պառկեմ, և թե ինչից են նման հիվանդություն ձեռք բերում … Հարցեր, որոնց պատասխանն անգամ բժիշկներն իրենք չունեն, և ոչ ոք չգիտի…Մի անգամ հարցրեց անգամ՝ արդյո ՞ք մահանալու ես, սիրտս խոցվեց, մեղավոր զգացի ինձ, կարծես թե ես նրան մենակ թողնելու իրավունք չունեմ և այնքան վստահորեն ասացի` ոչ, ես չեմ մահանալու, ես միշտ քո կողքին եմ լինելու: Ես ամեն բան անում եմ, որ անգամ իմ հիվանդությունը և հիվանդանոցային օրերը, ոչինչ չխաթարի նրա մանկությունը, նրա հոգեկան աշխարհը:

Վերևն Աստված կա, ամեն բան տեսնում է, թող յուրաքանչյուրին տա իր սրտի չափով». տարիներ առաջ ասել էիք Ձեր հարցազրույցներից մեկում: Հաշվի առնելով Ձեր հիվանդությունը` այս շրջանում արդյո՞ք չի եղել պահ, երբ կորցնեք հավատն Աստծո հանդեպ, քանի որ այն պահից, երբ համացանցում տարածվեց ձեր գրառումը, մարդիկ նշում էին, որ էլ ինչ փորձություն է Աստված Ձեզ համար պատրաստել:

- Այո, Տերն ամեն բան տեսնում է և հասնում իրեն ապավինողներին: Այն, որ ես դեռևս կամ, ապրում եմ, միայն ու միայն նրա կամոք է: Բացեք յուրաքանչյուրդ կարդացեք, իմ ախտորոշմամբ ( միելոիդային սուր, չարորակ քացկեղ, իր մի շարք վատ հետևանքներով, որոնց մասին այժմ պատրաստ չեմ խոսել) մարդիկ մի քանի շաբաթ են ապրում, շատ սարսափելի տեսակ էր ինձ մոտ: Տեսակ, որը շատ հազվադեպ է պատահում երիտասարդների մոտ և լավ բան էլ չի կանխորոշում, սակայն Աստծո ողորմությամբ ես դուրս եկա մահվան ճիրաններից: Ես գրեթե մահամերձ էի, երբեմն մտածում էի, որ վերջս եկել է, բայց ոչ մի րոպե հավատս չեմ կորցրել, ոչ մի պահ երես չեմ թեքել Տիրոջից և չեմ հանդիմանել, թե ինչու եմ անցնում այդ ամենի միջով: Մարդիկ, ում հավատքը թույլ է և չեն ճանաչում Աստծուն, մտածում են, թե ամեն բան, այդ թվում հիվանդությունները, Աստծուց է տրվում, ոչ, ամեն չարիք մեր կյանքում չարից է տրվում, փորձություններ են, և միայն հզոր հավատքով և մեծ ձգտմամբ կարող ես հաղթահարել ամեն փորձություն: Տերը լսեց իմ և բոլորիս աղոթքները և ինձ դուրս բերեց հիվանդության ճգնաժամից, մնում է, որ ամբողջովին ապաքինվեմ. երկարատև բուժում է: Ես գիտեմ, որ հազարավոր մարդիկ են ինձ համար անհանգստացել, ցավացել, աղոթել, և ամեն օր հարյուրավոր նամակներ եմ ստանում: Վերջին ամիսներին, երբ շարունակ հիվանդանոցում էի, հազարավոր նամակների եմ պատասխանել, ու բոլորն ասում են, որ ինձ համար աղոթում են: Հավատում եմ, որ Տերը կլսի մեզ և ինձ ևս մեկ հնարավորություն կտա ապրելու:

 

 -Անի, տարիներ առաջ, երբ դեռ նոր էիք տեղափոխվել Գերմանիա, նշում էիք, որ այնտեղ շատ են հայերը, ովքեր փախել են Հայաստանում մոլեգնող քաղցկեղից`Գերմանիայում բուժվելու: Ստացվում է, որ ճակատագիրը չար խաղ խաղաց Ձեզ հետ, Դուք էլ անկախ Ձեր կամքից հայտնվեցիք այդ շարքում:

-Այո, ավաղ, այդպես է ստացվում: Վերջին տարիներին Գերմանիայում ես աշխատում էի մեծապես հենց նման մարդկանց համար, ուղեկցում նրանց հիվանդանոցներ, թարգմանում նրանց համար, օգնում գլուխ հանել եվրոպական բյուրոկրատիայից և բաժնեկցում նրանց ցավը, մինչև այդ ցավը դարձավ նաև իմ սեփականը, մինչև այդ ամենը զգացի նաև իմ մաշկի վրա: Մարդիկ մտածում են, թե դա կարող է յուրաքանչյուրի հետ պատահել, բայց ոչ իրենց, որ իրենց դա չի սպառնում, ես երբեք այդպես չեմ մտածել, բայց արի ու տես, որ դա էլ չի փրկում: Ոչ մեկս ապահովագրված չենք: Երբ լսեցի իմ ախտորոշումը, առաջինը, որ մտածեցի, լավ ինչո՞ւ, չէ՞ որ ոչ ծխում եմ, ոչ խմում, ոչ վնասակար սովորություններ ունեմ, առողջ եմ սնվում... Բայց արի ու տես, որ ոչինչ, ոչինչ չի ապահովագրում քաղցկեղից: Ես շարունակ հարցնում էի ինչու, թեև երբեք չեմ ասել` ինչո՞ւ ես, ես կարծում եմ, որ սխալ է ասել, ինչու ես, բա՝ ո ՞վ. թող ոչ մեկին չպատահի նման բան, ոչ մեկ չապրի այդ դժոխային ապրումներնը, ցավերն ու հոգևիճակը: Ավաղ այս հիվանդությունը չի սահմանափակվում միայն մարմնով, այն «խլում է» նաև հոգիդ, հոգեվիճակդ: 

 -Այս պահին բուժման ի՞նչ փուլում եք գտնվում:

-Ցավոք, շատ երկարատև բուժում է. քիմիաթերապիաներ եմ ստանում, սակայն դրան զուգահեռ փորձում եմ ինքս ուսումասիրել այս հիվանդության առանձնահատկություններն ու ինքնաբուժությամբ զբաղվել. սնվում եմ միայն բիո, ամեն առավոտ քաղցած վիճակում խմում եմ բույսերի թուրմեր, թարմ քամած հյութեր, հատկապես կարմիր բազուկ, գազար և կանաչ խնձոր, հատուկ մեղր` մանուկա եմ օգտագործում, հատում բուժիչ ձեթեր խմում: Մի խոսքով՝ պայքարում եմ, ամեն բան անում եմ, որ որդուս միայնակ չթողնեմ, որ ծնողներիս և քույրերիս ցավ չպատճառեմ, ես պետք եմ նրանց, իսկ նրանք՝ ինձ: Կարծում եմ՝ իմ ժամանակը դեռևս չի եկել, դեռևս շատ վաղ է. ախր շատ երիտասարդ եմ էն աշխարհ գնալու համար, դեռ իմ հերթը չէ: Առաջ Աստված…..

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև՝ Ամռան երեք «հիասքանչ» ամիսներ հիվանդանոցում, իմ «չապրած» ամառը... Անի Քոչարի հուզիչ գրառումը

 «Ինձ բացակա չդնեք. ասում են՝ լեյկոզը մահավճիռ չէ». Անի Քոչարն արյան քաղցկեղ ունի

Դա ինձ ցավ է պատճառում. Անի Քոչարը` տարեդարձի, անսպասելի հանդիպման, տխրելու պատճառի մասին և ոչ միայն

Հիասթափությունն առավել սարսափելի է… Անի Քոչարը` Հայաստանից մեկնելու ճակատագրական որոշման մասին և ոչ միայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին