▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիասթափությունն առավել սարսափելի է… Անի Քոչարը` Հայաստանից մեկնելու ճակատագրական որոշման մասին և ոչ միայն

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ը զրուցել է Անի Քոչարի հետ, ով մոտ 3 տարի է, ինչ բացակայում է Հայաստանից: Նա այժմ բնակվում է Գերմանիայում, սովորում  է Universität Bielefeld համալսարանում   և աշխատում Սոցիալական հարցերի նախարարությունում :  «Անի Քոչար փրոդակշնի» աշխատանքները անորոշ ժամկետով դադարեցված են: Լույս չի տեսնում նաև  Անիի հիմնած և ավելի քան 9 տարի հրատարակած «ԵՍ» ամսագիրը: Գերմանիայում Անին հիմնել է «Եվրոպաբնակ հայ կանանց միություն», որն առաջիկայում առավել ակտիվ գործունեություն է ծավալելու:

Ստորև ներկայացնում ենք Անի Քոչարի պատասխանները` Asekose.am-ի բլից հարցերին:

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

Կյանքիս մեծագույն պարգևը որդիս է, իսկ գործնական ձեռքբերումներ շատ են եղել, ձախողումներ` նույնպես, բայց որպես այդպիսին մեծ ձախողում, փառք Աստծո, չեմ ունեցել և հուսամ` չեմ ունենա:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:

Շատ բաներ կան, որ կցանկանայի փոխել, սակայն մշտապես փորձում եմ ինքս ինձ փոխել նույն սխալները չկրկնելու համար: Անսխալական մարդ չկա:

Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:

Գերզգացմունքային, հյուրընկալ, խենթ:

Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:

Երբեք չհանձնվել և  բարին գործել ամեն դեպքում:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` կներես:

Ես երբեք վատ չեմ զգում սխալս ընդունելուց և ներողություն խնդրելուց, շատ հաճախ կարող եմ ասել: Ցանկանում եմ հենց հիմա ներողություն խնդրել բոլոր այն հիվանդ մարդկանցից, որոնց դեռևս չեմ հասցրել տեսակցել, սակայն նրանք ու նրանց հարազատները սպասում են իմ այցին: Հազար անգամ կներեք, չեմ հասցնում, բայց ջանում եմ ըստ հերթականության այցելել:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:

Ամեն Աստծո օր որդուս եմ ասում, որ սիրում եմ, որ իմ արևն ու լույսնն է, ինչպես նաև մայրիկիս, երբ վերադառնում էր Հայաստան:

Ես երջանիկ կլինեի, եթե…

Եթե շուրջս այսքան վատառողջ հայրենակիցներ չտեսնեի, եթե երկրումս պատերազմ չլիներ, եթե ծնողներս կողքիս լինեին, եթե իմ հայրենիքում լինեի:

Երազում եմ, որ…

Որդիս լինի առողջ և արժանի մարդ մեծանա:

Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:

Բամբասանքներն ինձ համար զազրելի են, միշտ ապշել եմ մարդկային երևակայության վրա, և այն տարածում են որպես կանոն քեզ առհասարակ չճանաչող մարդիկ:

Կյանքի ամենամեծ հիասթափությունը:

Շատ անձնական է, իսկ անձնական կյանքս որոշել եմ մեկընդմիշտ փակ պահել: Միայն մեկ բան կասեմ, որ հիասթափությունն առավել սարսափելի է, քան ատելությունը, այն փշրում է իդեալներդ, կատարյալ պատկերացումներդ, սերդ, հարգանքդ, ամեն ամեն բան:

Արարք, որի համար զղջում եք:

Փորձում եմ իմ մեջ միշտ ուժ գտնել և որևէ բանի համար չզղջալ, այլ միայն դասեր քաղել և առավել փորձված և իմաստնացած կյանքս ապրել:

Երբեք չեմ…

Երբեք չեմ ասում երբեք: Կյանքը ցույց է տալիս, որ այն, ինչ մի ժամանակ բացառում էիր, հետդ պատահում է, կամ մի մեծ փակուղու առաջ ես կանգնում և անում բաներ, որ երբևէ չէիր ցանկանա անել;

Ինչի՞ց եք վախենում:

Գուցե չհավատաք, սակայն վախեր չունեմ, ամեն բան լինում է, քանզի պետք է, որ լինի, և թող որ միայն Աստծո կամքը լինի:

Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:

Արտասվել, ախ, ես արտասվում եմ ամեն օր: Ես այնպիսի աշխատանքով եմ այժմ զբաղված, որ ինձ հաճախ է ստիպում հուզվել, և բացի այդ, այնքան զգացմունքային եմ, որ անգամ ֆիլմից կամ թատերական ներկայացումից կարող եմ հուզվել:

Որոշում կամ հանդիպում, որը ճակատագրական դարձավ Ձեզ համար:

Կարծում եմ` յուրաքանչյուր որոշում և հանդիպում ճակատագրական է, լավ թե վատ, տեղին թե անտեղին, ոչինչ պատահական չի լինում: Սակայն ամենամեծ ճակատագրական որոշումս Հայաստանից մեկնելն էր: Մեր կյանքը մի մեծ ընտրություն է, յուրաքանչյուր օր որոշում ենք, ընտրում, … ապրում, և միայն ժամանակն ու կյանքը ցույց կտա, որն էր բարին:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին