Երեկ՝ մարտի 21-ին, Երևանում՝ «Սինեմա Սթար» կինոթատրոնում, կայացավ Արմեն Միրզոյանի «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերան: Այսուհետև այն արդեն կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում:
«Ա.Կ.Ա.» ֆիլմը երկու եղբայրների դաժան ճակատագրի մասին է, որոնք կյանքի բերումով հայտնվում են տարբեր բևեռներում:
Եղբայրներից ավագին մարմնավորել է Խորեն Լևոնյանը, իսկ կրտսեր եղբոր դերակատարն Արաբո Գրիգորյանն է: Վերջինս Սարգիս Գրիգորյանի հետ նաև «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրոդյուսերներն են:
Արաբո Գրիգորյանը ժամանել է ՌԴ-ից, գործարար է, ով դեռ մանկուց սիրում էր կինոարվեստը, իսկ տարիներ անց որոշեց գնալ սեփական երազանքի հետևից՝ նախ նախաձեռնելով սեփական ֆիլմի նկարահանումները, ապա հորդորներից հետո հասկացավ, որ կարող է նաև նկարահանվել դրանում:
Ֆիլմի առանցքային կերպարներից մեկը Կարենն է, ում մարմնավորում է Սարգիս Գրիգորյանը: Ըստ Սարգիս Գրիգորյանի՝ «Ա.Կ.Ա.» ֆիլմն իսկական ընկերության և սիրո մասին է:
«Ֆիլմը երեք իսկական տղերքի մասին է։ Այս ֆիլմում խնդիր էր դրված ցույց տալ իրական հայ տղամարդուն՝ իր արժանապատվությամբ և ուժեղ բնավորությամբ։ Ֆիլմում զուգահեռ նաև հայ կնոջ՝ իրական կնոջ կերպարն է ներկայացվել։ Այս ֆիլմն առաջինն է, սխալներ նկատել եմ, բայց դա ևս համարում եմ գործընթացի մի հատվածը և կարծում եմ, որ առաջիկայում ավելի լավ ֆիլմեր կլինեն»-ասաց Սարգիս Գրիգորյանը։
Նշենք, ըստ սյուժեի՝ գեներալ Բաղրամյանի կրտսեր որդին՝ Արամը, ուսումն ավարտելուց հետո վերադառնում է հայրենիք: Այդ կարեւոր օրը, մինչ ընտանիքը նշում է Արամի վերադարձն ու գեներալի նշանակումը, Արամն իր ընկերոջ՝ Կարենի հետ գնում է ակումբ՝ չնայած ավագ եղբոր հորդորներին: Ակումբում ծեծկռտուք է սկսվում, ինչի ժամանակ Արամը կրակում է հոր նվիրած ատրճանակով: Հետևանքը նրա յոթ տարվա ազատազրկումն է լինում եւ գեներալի հանելուկային մահը... »:
Հավելենք, որ «Ա.Կ.Ա.» ֆիլմում նկարահանվել Սարգիս Գրիգորյանը, Խորեն Լևոնյանը, Գևորգի Հովակիմյանը, Արաբո Գրիգորյանը, Նարինե Պետրոսյանը, Աննա Դովլաթյանը, Աննա Գրիգորյանը և այլք: