Նախօրեին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ անհետացել է Լուսակերտի N զորամասի ժամկետային զինածառայողներից մեկը, ով դուրս է եկել զորամասից երկու օր առաջ` Երևան գնալու նպատակով: Զինվորն իր զինգրքույկը թողել է զորամասում:
Նաև նշվել էր, թե ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պատճառաբանել է, որ 3 օրը լրանալուց հետո է պատրաստվում միայն որոնողական քայլեր ձեռնարկել:
ASEKOSE.am-ի թղթակիցը կապ է հաստատել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հերթապահ մասի պետ գնդապետ Սարգիս Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց զինվորի անհետացման մասին լուրը, սակայն նշեց, որ Ռազմական ոստիկանությունը որոնողական քայլեր է ձեռնարկել անմիջապես այն պահից, երբ հայտնի է դարձել զինվորի անհետացման մասին:
«Զորամասից բացակայելու մասին տեղեկությունը հաստատվելուց հետո ՌՈ օպերատիվ հետախուզական բաժինը և Աբովյանի բաժինը որոնողական աշխատանքներ են իրականացնում»,- մեզ հետ զրույցում ասաց գնդապետ Հակոբյանը` հավելելով, որ դեռևս զինվորի գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա: Սակայն պարզ է դարձել, որ նա որևէ մեկի հետ կապի մեջ չի եղել:
Սարգիս Հակոբյանի խոսքով` եռօրյա ժամկետը վերաբերվում է միայն քրգործ հարուցելուն: Այսինքն անհետանալուց 3 օր հետո հարուցվում է քրեական գործ, սակայն որոնողական աշխատանքները ծավալվում են ավելի վաղ:
Գնդապետ Հակոբյանը մեզ հետ զրույցում նաև շեշտեց, որ Տարոնը բարեխիղճ ու պարկեշտ զինվոր է, նախկինում երբեք չի լքել զորամասը: Կրտսեր սերժանտ է: Հակոբյանի խոսքով`
«Նրա վրա որևէ սև բիծ չկա»:
Ի դեպ` այսօր ASEKOSE.am-ի և մի շարք այլ լրատվամիջոցների հետ կապ է հաստատել նաև Տարոնի մտերիմներից մեկը, ով իր հերթին հայտարարություն է տարածել զինվորի անհետանալու մասին` թողնելով նաև հեռախոսահամար: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ 21 ամյա Տարոն Հայրունին Երևանի Ավան համայնքի բնակիչ է:
Վերջին անգամ նրան տեսել են հունիսի 27-ին առավոտյան 8.30-ի մոտ Մարաշ թաղամասում:
Հասակը 170 սմ է: Սանրվածքը կարճ: Աչքերը կապույտ: Հագին եղել է մուգ վերնաշապիկ:
Բոլոր այն անձինք, ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա մասին խնդրում ենք
կապվել հետևյալ հեռախոսահամարով:
(094)........ Արամ/ համարը չի նշվում նամակագրի խնրանքով/
Շատերը, այդ թվում և լուրի սկզբնաղբյուր` nrnak.com լրատվամիջոցը տարակուսանքի մեջ են.եթե Ռազմական ոստիկանությունն զբաղվում է տղայի որոնողական աշխատանքներով, այդ դեպքում հավելյալ հայտարարություն տարածելու իմաստն անտրամաբանական է թվում:
ASEKOSE.am-ի թղթակիցը կապ է հաստատել նաև Արամի հետ` ցանկանալով ճշտել, թե ով է նա և ինչ մանրամասներ կարող է հաղորդել: Սակայն մեզ պատասխանեցին, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել` խոստանալով նոր մանրամասներ իմանալու դեպքում զանգահարել: