Համաձայն որոշ տեղեկությունների` վերջին շաբաթվա ընթացքում հարձակման են ենթարկվել աղանդների գործունեության դեմ պայքար ծավալող շարժումների ներկայացուցիչներ: Նախ` Զեյթունում հարձակում տեղի ունեցավ «Միացյալ Երիտասարդական Լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանի, ապա «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի վրա:
ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Սևան Աղաջանյանի հետ, ով մանրամասներ է ներկայացրել միջադեպի մասին:
Սևանի խոսքով`
«Առավոտյան ժամը 10-ի սահմաններում դուրս էի եկել տնից` խանութ գնալու նպատակով: Հանդիպեցի հին ծանոթներից մեկին, ով նախկինում կոշկակար էր աշխատում: Շուրջ 10 տարի չեի տեսել նրան, փոքր ժամանակից եմ հիշում: Նախկինում խոսակցություններ էի լսել, որ աղանդավոր է` Եհովայի վկաներ աղանդի ներկայացուցիչ: Մեր մեջ խոսակցություն ծավալվեց, միմյանց որպիսություն հարցրեցինք: Հարցրեց, որ ուղղությամբ եմ գնում, քայլեցինք միասին: Ապա ևս 3 հոգի միացան մեզ: Ինձ հիշեցին, ասացին` քեզ հիշում ենք, աղանդների դեմ ես պայքարում, լավ գործ ես անում, ուղղակի «Կյանքի խոսք»-ի դեմ մի պայքարի: Նշեմ, որ այդ օրերին հենց այդ ուղղություն էինք վերցրել, բացահայտել էինք այնպիսի մանրամասներ, որոնց մասին հանրությունը տեղյակ չէր»:
Այնուհետև պնդել են, որ «Կյանքի խոսքն» աղանդ չէ, այլ Հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցի:
Սևանն իր հերթին պնդել է, որ աղանդ է, քանի որ շեղված է Հայ առաքելական եկեղեցուց:
«Դրանից հետո սկսեցին ինձ հրել, ասացին «Կյանքի խոսքի» մասին գրառում չանես, թե չէ հաշվերհարդար կտեսնենք, ապա սկսեցին հարվածել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Շուրջ երեք րոպե հարվածել են նրան, և միայն անցորդների մոտենալուց հետո` հեռացել:
Միջադեպից հետո Սևան Աղաջանյանը իրավապահ մարմիններին չի դիմել: Հետաքրքրվեցինք պատճառների մասին: Նրա խոսքով`
««ՄԵԼ» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը մեկ տարի առաջ հարձակման էր ենթարկվել, հեռախոսով սպառնացել էին, պահպանվել էր անգամ ձայնագրությունը, սակայն գործ չէր հարուցվել: Եթե գործ է հարուցվում, անվտանգությունը պետք է երաշխավորվի, սակայն Սևակին ասել էին` երեք օր անվճար թիկնապահ կտրամադրենք, դրանից հետո վճարովի, որ բավական մեծ գումար է: Սևակ Հովհաննիսյանի հետ երեկ զրուցեցի, այս անգամ ոստիկանություն չի դիմել, սակայն մամուլից իմացել, կանչել են: Ես էլ չեմ դիմի, կսպասեմ: Եթե կանչեն, կներկայանամ»:
«Կյանքի խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց.
«Ես Սևան Աղաջանյանին չեմ ճանաչում և ոչինչ չգիտեմ այդ միջադեպի մասին: Ստացվում է` ցանկացած մարդ կարող է ասել` ես պայքարում եմ, դրա համար հարձակում են գործել: Ինչու պիտի ես մեկնաբանեմ: Եթե եղել է նման միջադեպ, թող դիմեն իրավապահ մարմիններին, իրենք մեկնաբանեն»:
Նշենք, որ «Մենք» և «Միացյալ երիտասարդական լիգա» շարժումները պատրաստվում են հոկտեմբերի մեկին կամ երկուսին շարունակել աղանդերի դեմ ստորագրահավաքը: Երթով կշարժվեն դեպի Կառավարության շենք, նաև նամակ կհանձնեն:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան