Փաստորեն Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, որ Մհեր Խլղաթյանը բռնության չի ենթարկվել, միտումնավոր էր և հավանաբար ինչ որ մեկին փրկելու նպատակ է հետապնդում, այլապես հաջորդ օրը Մարգարիտա Խաչատրյանին չէին գործուղի սուտ ու կեղծիք տարածելու:
Վստահաբար ասում եմ, որ սույն տիկինը չի այցելել հոսպիտալ և չի տեսել Մհեր Խլղաթյանին: Նա պարզապես հանձնարարություն է ստացել խեղաթյուրելու իրողությունը, բանակում տիրող անմարդկային և խայտառակ վիճակը: Մհեր Խլղաթյանը հենց այն օրինակն է, որից կարող եք հետևություն անել, թե ինչպես ենք զինվորներ կորցնում բանակում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծանր վիճակով զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանի հարազատները մտավախություն ունեն, որ «փորձ է արվում Մհերին ծեծած լինելու կամ խոշտանգման ենթարկելու հանգամանքները մեջտեղից հանել»:
Նման հայտարարություն արել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ կասկածի տակ դնելով զինվորին խոշտանգելու մասին լուրերը:
Ապա «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ երբ ինքը հանդիպել է Մհեր Խլղաթյանին, նրան հարցրել է, թե ծեծե՞լ են, իսկ զինվորը՝ Մհերը, բացասական պատասխան է տվել՝ ասելով՝ ոչ: