Հունվարի 28-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած և Ադրբեջանում գերեվարված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակում տեսանելի փոփոխություններ գրեթե չկան: Իսկ վաղը ձեռքը վիրահատելու են: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Մամիկոն Խոջոյանի դուստրը՝ Հեղինեն:
Նրա խոսքով՝ գիտակցությունը երբեմն-երբեմն վերադառնում է:
«Այդպիսի պահերին կցկտուր նախադասություններ է ասում՝ «Ուզում եմ գնալ Մաֆլար», կամ «Ուզում եմ հողի վրա պառկել»: Սակայն մեզ ոչ մեկիս չի հիշում»,-ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ադրբեջանում գերեվարվելուց հետո ադրբեջանական լրատվամիջոցները հայտնվել էին զավեշտալի իրավիճակում՝ օրեր շարունակ 77-ամյա ծերունուն ներկայացնելով որպես «զինված դիվերսանտ»:
Մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Մամիկոն Խոջոյանը Հայաստան վերադարձվեց առողջական լուրջ խնդիրներով: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ՝ այդ թվում հրազենային վնասվածք: Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում: