▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատիվ ունեմ կրելու Միսակ Մանուշյանի կնոջ՝ բացառիկ և քաջ Մելինեի անունը

Պատիվ ունեմ կրելու Միսակ Մանուշյանի կնոջ՝ բացառիկ և քաջ Մելինեի անունը, որն ինձ հայրս է տվել: Պատահական չեմ կրում նրա անունը և փորձում եմ պատվով դա անել: Ցավոք քչերը գիտեն, թե ով է եղել Միսակ Մանուշյանը, Մելինե Մանուշյանը, Արփիար Ասլանյանը, Լուիզա Ասլանյանը և շատ այլ ՀԱՅ կամավորներ և ուղղակի քաջ և ազատատենչ մարդիկ, ովքեր իրենց կյանքը չեն խնայել և ակտիվորեն մասնակցել են գերմանական զավթիչների դեմ ֆրանսիացի հայրենասերների մղած պայքարին՝ Դիմադրության շարժմանը: Նրանց միայն հպարությամբ պետք է հիշենք, քանի որ լինելով ոչ հայրենի հողում, նրանք մեկ է չե՛ն կորցրել իրենց ազգային դիմագիծն ու պայքարի ոգին, որն իր մեջ կրում է հայը: Դեռ մանկուց տատիկիս շուրթերից՝ հոգու մեծ թրթիռով լսել եմ նրանց քաջագործությունների մասին և առհասարակ այն բոլոր պատմությունների, որոնք կապված են Միսակ Մանուշյանի գլխավորած շարժման և նրա անդամների հետ: Արփիար Ասլանյանը տատիկիս կրտսեր մորեղբայրն էր, ով իր քաջ և տաղանդավոր կնոջ՝ Լուիզայի, հետ միասին եղել է՝ Դիմադրության շարժման առաջամարտիկը և Միսակ Մանուշյանի մտերիմ ընկերը: Մեծանուն հայ՝ Շառլ Ազնավուրը նույնպես մտերիմ է եղել Արփիար Ասլանյանի հետ: Նման ծանր և վտանգավոր իրավիճակում նրանք ստեղծագործել են, աշխատել և միևնույն ժամանակ իրենց կյանքի գնով հասել ազատության, մարդկանց պարգևել խաղաղություն, որին ցավոք ականատես եղավ միայն Մելինեն: Միսակ Մանուշյանի և նրա խմբի մարտիկների անուններով փողոցներ, դպրոցներ, պուրակներ են կոչվել Փարիզում, Մարսելում և Ֆրանսիայի այլ քաղաքներում, կանգնեցվել են հուշարձաններ: Փարիզում Մանուշյանի տան պատին ամրացված է հուշաքար: Ամեն տարի փետրվարի 26-ին Ֆրանսիայում հարգանքի տուրք է մատուցվում Մանուշյանի հիշատակին: Ֆրանսիայի կառավարությունը Մանուշյանին հետմահու պարգևատրել Է Պատվո լեգեոնի շքանշանով: Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» կինոնկարը (2009 թ., Մանուշյանի դերում՝ Աբգար Սիմոնյան): Երևանում և Գյումրիում նույնպես նրա անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ: Մելինե Մանուշյանը կատարել է Միսակի ցանկությունը (օգնել Հայաստանին) և մեծ պատվիրակությամբ եկել է Հայաստան, ապրել այստեղ մի քանի տարի, դասավանդել՝ ԵՊՀ համալսարանում, տարբեր բարեգործություններ իրականացրել: Հանդիպել է բոլոր այն կամավորների հարազատներին և ընկերներին, և ինչ որ կերպ փարատել նրանց վիշտը, դաժանաբար սպանված, սակայն միայն հպարտություն պարգևող հարազատների կորստի փաստով: Տատիկս ամեն անգամ բացառիկ ոգևորությամբ է անդրադառնում այս փաստին: Մելինեն բացառիկ կնոջ կերպար էր: Ես շատ կցանկանայի խոսել նրանց մասին և հետագայում կշարունակեմ, սակայն այսօր այսքանն եմ ցանկանում ներկայացնել հայրենակցիներիս, ովքեր գուցե առաջին անգամ լսեցին մեծանուն հայի՝ Միսակ Մանուշյանի անունը, ում անունով անվանակոչվեց նախկին ՝ Մաշտոցի պուրակը: Պուրակում կատարվածի համար ցավում եմ: Եվ ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուրն որևէ դիրքորոշում հայտնելուց առաջ փորձի խորապես ուսումնասիրել պատմությունը և նրանում կարևոր դեր ունեցած այն հայերին, որոնց անունները այսօր պետք է բարձր պահենք նաև հայրենի հողում:

 

<<Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս>>  հիմնադիր նախագահ՝ Մելինե Յավրյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին