Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, Ադրբեջանում գերեվարված, ապրիլի 10-ին Հայաստան վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանը նույնիսկ բուժվելուց հետո վերջնականապես չի ապաքինվել: Նա առողջական խնդիրներ ունի: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Խոջոյանի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը:
«Ընդհանուր թուլություն ունի, թևերը, ոտքերն անընդհատ ցավում են, անքնություն ունի, քթից արյուն է գալիս»,- նշեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ բոլորովին վերջերս Արսենը Երևանի հիվանդանոցներից մեկում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի ամուսնու օժանդակությամբ բուժում է ստացել:
Սվետլանա Խոջոյանի խոսքով՝ բուժում է նշանակվել, դեղորայքը ձեռք են բերել, սակայն բուժումից հետո էլ Արսենը դեռ առողջական խնդիրներ ունի:
Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին ամուսինը Սևանում աշխատում է, Արսենին ևս ուղարկել են այնտեղ, միգուցե օդի փոփոխությունն ինչ-որ ձևով օգնի:
Նշված խնդիրներից զատ՝ Արսենը նաև անքնություն ունի: Տիկին Սվետլանայի խոսքով՝
«Չի քնում, զանգել էր, ասաց՝ ամբողջ գիշեր նստած եմ եղել, աչքիս բաներ են երևում»:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և գերեվարվել:
Ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավու ներքո Արսեն Խոջոյանը հայրենադարձվել է Հայաստան: