Գառնին հեթանոսական տաճար չէ. Գառնին հայ ազգի սրբավայրերից մեկն է: Բավական է խարխափել անգիտության խավարի մեջ. վերջապես, երբ պետք է ի զորու լինենք ճիշտ կերպով ընկալելու մերազնյա պատմությունը և հայոց հավատքը (հարկ է պարզել և հասկանալ «հեթանոս» բառի իմաստը և նշանակությունը պատմական տարբեր ժամանակներում):
Հայոց Եկեղեցու համար երբեք էլ չի եղել հեթանոսական շրջան, Հայոց Եկեղեցին երբեք էլ չի մերժել նախաքրիստոնեական շրջանի մեր անցյալը: Մենք նույն ազգն ենք մեր անցյալով, ներկայով և ապագայով: Մենք նույն հայությունն ենք ներկայացնում հազարավոր տարիներ` Սուրբ Արարատի լանջերի շուրջ:
Քրիստոնեությամբ մենք չհեռացանք մեր ազգի սուրբ հավատքից` լուսապաշտությունից, այլ, ընդհակառակը, կատարելապես ճանաչեցինք Իրական ու Ճշմարիտ Լույսին և խոր հավատքով ու համոզմունքով դավանեցինք ու երգեցինք` «Առաւօտ Լուսոյ, Արեգակն Արդար, առ իս Լոյս ծագեայ»:Հետևաբար, չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք` հայոց ազգային հավատքի սրբավայր: Եվ, ուրեմն, մենք ՏԵՐՆ ենք մեր պատմական ողջ ժառանգության:
Ասողիկ քահանա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների ու արխիվի տնօրեն
Հիշեցնենք, որ հասարակության զայրույթը` կապված Զվարթնոցի տաճարում կազմակերպված փարթիի հետ չանցած, նման միջոցառում է կազմակերվել Գառնիի տաճարի բակում, ինչը կրկին դժգոհությունների ու բողոքի ալիք է բարձրացրել: