Ավելի քան մեկ տարվա ադրբեջանական գերությունից հետո Հակոբ Ինջիղուլյանը վերադարձավ Հայրենիք. նա Երևան ժամանեց Մոսկվայից` տարանցիկ թռիչքով, իսկ մինչ այդ , ինչպես արդեն հայտվել էր, գտնվում է ՄԱԿ-ի փախստականների ճամբարում:
Հիշեցնենք, որ Հակոբի եղբայրը` Հարությունը Asekose.am-ին պատմել էր, որ «3-րդ երկիր տեղափոխվելը Հակոբի ցանկությունը չի եղել: Նա կամ պետք է տեղափոխվեր 3-րդ երկիր, կամ ողջ չմնար»:
Արդեն Երևանում` «Զվարթնոց» օդանավակայանում Հակոբ Ինջիղուլյանը լրագրողներին պատմել է հետևյալը.
«Ինձ ծեծել են ու ասել են, որ մեր ասածով չանես ու չշարժվես, էն չոբանի օրը կընկնես...սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցները, այդ թվում Կարմիր Խաչի այցելություններից առաջ, ճնշումների ներքո էին, կանչում էին ու ասում, թե ինչ պետք է խոսեմ: Նամակներիս բովանդակությունն էլ էին իրենք ասում, թե ինչ պետք է գրեմ»:
Օդանավակայանից անմիջապես հետո Հակոբը գնալու էր եկեղեցի: