▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնում է հայտարարեն, որ Բան Կի Մունը հովանավորում է Արմեն Հարությունյանին

pastinfo.am-ը գրում է. «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը երեկ  դատական նիստերի դահլիճում, բազմաթիվ մարդկանց՝ դատական նիստերի քարտուղարի, մեղադրողի, փաստաբանների, լրագրողների ներկայությամբ անպատասխանատու ու ստահոդ հայտարարություն արեց «Փաստինֆո»-ի հասցեին:  

«Իրավապաշտպան փաստաբանը» լրատվամիջոցին, մասնավորապես, հարց-«մեղադրանք» ուղղեց՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ միակողմանի նյութեր հրապարակելու վերաբերյալ:

Մ.Շուշանյանը «խիստ մտահոգ էր», որ ըստ իրեն, «Փաստինֆո»-ն անդրադարձել է ԻՀԿ հայտարարության վերաբերյալ Արդարադատության նախարարության պատասխանին, մինչդեռ բուն հայտարարությանը չի անդրադարձել, ինչը որևէ աղերս իրականության հետ չունի:

Սակայն այդ մասին «Փաստինֆո»-ի հակափաստարկները փաստաբանին չէին հետաքրքրում, նա կոպտորեն ընդհատեց լրագրողուհուն, և դրանով միանգամայն ողջամիտ կասկած հարուցեց, որ հայտարարությունը նախատեսված էր ոչ այնքան լրագրողուհուն,  որքան լսարանին և իրենից սոսկ հռետորաբանություն էր ներկայացնում:   

Իսկ իրականությունը հետևյալն է՝ «Փաստինֆո»-ն  անդրադարձել է թեմայի վերաբերյալ բոլոր կողմերի դիրքորոշումներին, այդ թվում` հիշատակված հայտարարությանը: Որևէ դժվարություն չի ներկայացնում ցանկացածին, այդ թվում՝ Մուշեղ Շուշանյանին, հավաստիանալ դրանում՝ այցելելով «Փաստինֆո»-ի կայքէջ:

Թեև կարծում ենք, որ նախքան նման հայտարարությամբ հանդես գալը հարգարժան փաստաբանը պետք է փոքր-ինչ լուրջ վերաբերվեր իր խոսքին եւ նախ ճշտեր փաստերը եւ հետո միայն հանդես գար հայտարարությամբ։ Նման անպատասխանատու վերաբերմունքը փաստաբանի կողմից իր հայտարարությունների փաստական կողմին լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս։   

Ընդ որում, մեր գործակալությունն առաջիններից մեկն է եղել, որն անդրադարձել է նշված կազմակերպության դիտարկումներին ու, անկեղծ ասած, չէինք էլ ենթադրում, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունն այդքան սահմանափակ պատկերացում ունի իրավունքի, խոսքի ազատության եւ բազմակարծության վերաբերյալ ընդհանրապես։

Հարգելիներս, խոսքի ազատությունը բացարձակ արժեք է եւ կարծիք ունենալը որեւէ մեկի մենաշնորհը չէ։ «Փաստինֆո»-ն անդրադարձել է ինչպես տվյալ կազմակերպության հայտարարությանը, այնպես էլ՝ արդարադատության նախարարության արձագանքին եւ, բնականաբար, հայտարարությունից բխող հարցադրումներին։

Հակընդդեմ, որոշ դեպքերում քննադատական կարծիք լսելը հատուկ մշակույթ է։ Իհարկե հասկանում ենք, որ ամեն մեկը չի կարող լինել այդ մշակույթի կրողը, բայց դա բազմակարծության կարեւոր բաղադրիչներից է։ Ու քանի դեռ այս պարզ իրողությունը չի դարձել ուղեցույց ցանկացած «իրավապաշտպան» կազմակերպության կամ անհատի համար՝ նրա գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չի կարող հավատ ներշնչել։

Հիմա դառնանք «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի տարածած հայտարարությանը, որտեղ  բարձրաձայնել էր գործընթացում իրենց արձանագրած խախտումների մասին:

ԻՀԿ-ի դիտարկմամբ՝ վերջնաժամկետի ավարտից հետո փաստաթղթեր են ներկայացրել հայտատուներ, Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Հարությունյանը, ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արայիկ Մելքումյանը և Նորա Կարապետյանը:

Ի պատասխան՝ հիշյալ մրցույթն անցկացնող հանձնաժողովն իր հերթին կազմակերպության անդամներին մեղադրել է «փաստերը խեղաթյուրելու և թերի ներկայացնելու եղանակով Հանձնաժողովի գործունեությունը վատաբանելուն ուղղված կեղծ հայտարարություններ տարածելու» մեջ:

Իրականում, կարծում ենք, ԻՀԿ-ի վրդովմունքի պատճառը «Փաստինֆո»-ի վերլուծական նյութն է. լրագրողը նշել է, որ գործընթացը դիտարկող ՀԿ-ներից միայն «Իրավունքի Եվրոպա Միավորում»-ն է «աննահանջ» պայքար մղում ընդդեմ «հովանավորչության» ու «ապօրինության» դրսևորումների՝ միաժամանակ կասկածի տակ դնելով մրցույթի միակ անաչառ դիտորդը լինելու հանգամանքը. «…  ստիպված ենք անկեղծ լինել ու խոստովանել, որ նույնիսկ այս կազմակերպությունը չի կարող անաչառ կերպով դիտարկել ու գնահատել դատավորի թափուր մնացած աթոռի համար ծավալված պայքարը: 

Բանն այն է, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ այս ՀԿ-ին դժվար է անկողմնակալ դիտորդ համարել, քանի որ, չմոռանանք, անկողմնակալ լինելու համար առաջին պայմանը սեփական շահեր չունենալն է, մինչդեռ «Իրավունքի Եվրոպա Միավորման» դեպքում ճիշտ հակառակն է. թեկնածուներից մեկը` փաստաբան Վահե Գրիգորյանը, այս կազմակերպության ոչ թե շարքային անդամը, այլ` հիմնադիրներից մեկն է»:

«Փաստինֆո»-ի  թղթակիցը չէր զլացել և այս փաստը մեկնաբանելու խնդրանքով դիմել էր Վահե Գրիգորյանին՝ նա հայտնել էր, որ դադարեցրել է իր անդամությունը կազմակերպությանը:

«ՀԿ-ում իմ անդամությունը ոչ թե կասեցրել եմ, այլ այն առհասարակ դադարեցրել եմ հենց այն պատճառաբանությամբ, որ այս իրավապաշտպան ՀԿ կողմից դիտորդություն իրականացնելը այն գործընթացի նկատմամբ, որում ես մասնակից եմ, կարող է հանրության աչքում ստվերել թե' այդ դիտորդական գործընթացը, թե' իմ ընտրվելու դեպքում մրցույթը եւ այն վարող մրցութային Հանձնաժողովի գործունեությունը:

Իմ անդամությունը «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ում կասեցնելու փոխարեն դադարեցրել եմ, քանի որ այն կասեցնելու դեպքում դեռ շարունակվում է կապվածությունը կազմակերպության հետ, իսկ դադարեցվելու դեպքում այն անմիջապես եւ ամբողջությամբ դադարում է»,- նշել էր Վահե Գրիգորյանը:

Հետաքրքիր կլինի իմանալ, որտե՞ղ է այստեղ «թաքնվում» միակողմանիությունը:

Հասկանալի է, որ  ԻՀԿ ներկայացուցիչներն իրենց ստահոդ եզրահանգումներում անկեղծ չեն նույնիսկ իրենք իրենց հետ: Նրանց տրամաբանությունը հանգեցնում է ոչ թե հովանավորչության կամ այլնի բացահայտմանը, այլ՝ սոսկ աբսուրդների ու զավեշտների  թատրոնի: Նրանց տրամաբանությանը հետևելով՝ կարելի է  հանգել զավեշտալի ու պարզունակ եզրահանգման՝ որ, օրինակ, թեկնածուներից Արմեն Հարությունյանը հովանավորվում է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից, քանի որ պաշտոնավարել է ՄԱԿ-ի  համապատասխան ստորաբաժանումում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին