▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղեռնի զոհերին և Կոմիտասի ծննդյանը նվիրված «Հոգևոր երգերի» մարզային փառատոն

«Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա» հասարակական կազմակերպությունը «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության հետ համատեղ Արթիկի թեմի և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ երեկ` հոկտեմբերի 19-ին, Հառիճի վանական համալիրում կազմակերպել էր «Հոգևոր երգերի» մարզային փառատոն:

Asekose.am-ի թղթակիցը զրուցել է «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա»-ի նախագահ Գայանե Բաղդասարյանի հետ` փառատոնի անցկացման մանրամասներն  իմանալու նպատակով: Վերջինս ասաց, որ այն օրվանից, երբ ստեղծվեց իրենց հասարակական կազմակերպությունը և իրեն էլ ընձեռվեց դրա նախագահությունը,  նպատակ դրեց  երգչախմբային արվեստը խթանել և զարգացնել նախ մարզերում, ապա նաև` Երևանում: Գայանեի խոսքով` առաջին գաղափարն էլ մարզերում հոգևոր երգերի փառատոն կազմակերպելն էր, որին էլ արձագանքեց Շիրակի մարզը.

«Դա երազ էր, որը գոյատևում էր միայն մեր մտքերում, իղձ, որը երեկ ի կատար ածվեց: Փառատոնը նվիրեցինք Եղեռնի  զոհերի 100-ամյա տարելիցին և Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին: Վերջինիս  ընտրությունն էլ պայմանավորված էր այն հանգամանքով, որ նա անմեղ, հոգեպես ընկճված և զոհ դարձած մեր մեծ մտավորականն  է»:

Գայանե Բաղդասարյանը նաև անդրադարձավ այն հանգամանքին` արդյո՞ք մեծ էր  Շիրակի մարզի  հետաքրքրությունն իրենց  փառատոնի նկատմամբ: Ըստ Գայանեի` Շիրակի մարզ իրենք այցելել էին դեռ ամիսներ առաջ վարպետաց դասեր անցկացնելու նպատակով, որտեղ էլ և զգացել են ոգևորությունը և հասկացել, որ փառատոնը կկայանա.

«Երգչախմբային փոքրիկ դեսպաններն այդ պատասխանատու առաքելությունը վերցրեցին իրենց ուսերին և իրենց մանկական շուրթերից հավուր պատշաճի հնչեցրեցին այդ  փառատոնի մեջ ընգրկված մեր հոգևոր շարականները: Անշուշտ, նրանք հասկանում են  ամբողջ պատասխանատվությունը: Երեխաները երեկ այդ ցուրտ պայմաններում իրենց երգերով ջերմացրեցին Հառիճի վանական համալիրը: Նշեմ, որ մեզ իր հերթին ոգևորում էր Արթիկի թեմի առաջնորդը` Հովակիմ սրբազանը, ով սկզբից մինչև վերջ մեր կողքին էր»:

Գայանե Բաղդասարյանը նշեց, որ Շիրակի մարզից հետո իրենք  այցելելու են Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր.

«Նոյեմբերին կլինենք Սյունիքում, այնտեղ  կանցկացնենք  վարպետաց դասեր, իսկ խոր աշնանը կլինենք Վահանա վանքում: Կոմիտասի ծննդյան 145-ամյակին ընդառաջ երգելու ենք իր ստեղծագործությունները և կոչ անելու, որ մեծ վարդապետի  տարեդարձը դեռ շարունակվում է և մինչև տարվա վերջ այն պետք է նշվի»:

Զրույցն ամփոփելիս Գայանե Բաղդասարյանը հավելեց, որ փառատոնի վերջում «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա»-ի և «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունների նախագահները` ինքը և Գոռ Մարգարյանը,  բոլոր մասնակիցներին պատվոգրեր և հուշանվերներ են շնորհել, որպեսզի երեխաները հասկանան, որ իրենց իսկ կատարած առաքելության համար են արժանացել դրանց:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին