▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ ուսուցչին հեռացնում են, նրա աշակերտը հաղթում է մրցույթում

Տեղեկացրել էինք, որ «Գեղագիտության ազգային կենտրոն»-ում գտնվող քանդակի արվեստանոցում  կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանն առանց պատկան մարմինների հետ համաձայնեցնելու՝ կահույքագործական հաստոցներ էր տեղադրել: Արդյունքում՝ առաջացել էին լուրջ խոչընդոտներ՝ դասերը շարունակելու համար: 

«Հաստոցները մոտ երկու ամիս առաջ են բերվել, փորձեցինք պայքարել, որ տանեն, բայց իրենք այն չեն անում, հակառակը՝ ստիպում են, որ մենք դուրս գանք այդտեղից»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր քանդակի արվեստանոցի աշխատակից  Հրաչ Համբարձումյանը, ով էլ նոյեմբերի 10-ին Լևոն Իգիթյանի հրամանով աշխատանքից հեռացվել է և, որպես հիմնավորում բերված է  աշխատանքի չներկայանալը: Խոսքը սեպտեմբեր ամսվա մասին է:

Մեզ հետ զրույցում Հրաչ Համբարձումյանն ասաց, որ դասերն ընդհատվել են, քանի որ հրաման էր ուղարկվել՝ տեղափոխվել ուրիշ տարածք.

«Հետո սկսեցին գույքագրում կատարել, իսկ այդ պայմաններում հնարավոր չէր դաս անել»,-մանրամասնեց Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչը:

Հարցը քննարկվել էր  Հանրային խորհրդում, որն էլ պաշտոնապես դիմել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝  հարցին լուծում տալու համար:

«Սպասում ենք ԿԳ նախարարության արձագանքին, որից էլ պարզ կդառնա՝ կդիմենք դատարան, թե՝ ոչ»,-նշեց Հրաչ Համբարձումյանը:

Իսկ մինչ ԿԳ նախարարը կկայացնի իր որոշումը, կենտրոնում էլ կմտածեն, թե ինչպես ի վերջո հեռացնեն ուսուցչին, 14-ամյա Վանյան Սերգեյը, ով Հրաչ Համբարձումյանի մոտ մասնակցում է քանդակի և նկարչության դասերի, Մինսկում կայացած «Մոլորակի երեխաների բարեկամություն» մրցույթում, որին, ի դեպ, մասնակցել են 26 երկրներից, իսկ աշխատանքների քանակը եղել է 31.000-ը, հաղթել է՝ ստանալով դիպլոմ և շնորհակալագիր: «Սովորում եմ Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 դպրոցում, առաջարկեցին, ես էլ ուսուցչիս՝ ընկեր Հրաչի օգնությամբ թեման որոշեցի, նկարեցի և ուղարկեցի: Նկարում ինքնաթիռ է, որը պատրաստում են տարբեր ազգի երեխաներ: Գաղափարը՝ միասնականությունն է, ազատությունը»,-մեզ հետ զրույցում ասաց Սերգեյը:

Ինչ վերաբերում է դասերին՝ նշենք, որ դրանք շարունակվում են, քանի որ մեծ է և՛ ծնողների և՛աշակերտների ցանկությունը:

 Անի Կարապետյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին