Asekose.am-ի տեղեկություններով՝ «Գեղագիտության ազգային կենտրոն»-ում գտնվող քանդակի արվեստանոցում կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանն առանց պատկան մարմինների հետ համաձայնեցնելու՝ կահույքագործական հաստոցներ է տեղադրել սրահում: Արդյունքում՝ առաջացել են լուրջ խոչընդոտներ՝ դասերը շարունակելու համար:
«Հաստոցները մոտ երկու ամիս առաջ են բերվել, փորձեցինք պայքարել, որ տանեն, բայց իրենք այն չեն անում, հակառակը՝ ստիպում են, որ մենք դուրս գանք այդտեղից»,-մեզ հետ զրույցում ասաց քանդակի արվեստանոցի աշխատակից Հրաչ Համբարձումյանը:
Մեր հարցին, թե ինչո՞վ են բացատրել իրենց այս քայլը, Հրաչ Համբարձումյանը նշեց, որ բազմիցս են այդ հարցը տվել և ստացել են հետևյալ պատասխանը.
«Սա դառնալու է փայտի ցեխ, հետո, թե չէ՝ մուլտֆիլմի արտադրամաս: Ասացինք, որ այդ հաստոցներով դժվար թե մուլտֆիլմ նկարեն: Դրանք երկաթից են և ծանր: Ասաց՝ ես եմ տնօրենը, ես եմ որոշում»:
Հրաչ Համբարձումյանը նշում է՝ իրեն հասցե են տվել ու ասել՝ գնա այնտեղ, սակայն, նրա խոսքով՝ այն հարմար չէ, այնտեղ քանդակ անել, ձուլել չի լինի:
«Ասում է՝ ես որոշել եմ, ես գիտեմ, դու կգնաս այնտեղ: Որոշ ժամանակ անց՝ այլ հասցե ասաց. սա էլ դասարանների նման է, ցածր առաստաղով, լամինատե հատակով: Հետո էլ՝ եթե գնանք ուրիշ տեղ՝ կտրվում է ամեն ինչ. Ռուսաստանից, Հունաստանից, Գերմանիայից և այլ երկրներից երեխաներ են մեզ մոտ սովորել, գիտեն տեղը և ամեն անգամ Հայաստան գալուց անպայման մեզ այցելում են»:
Մեր զրուցակցի խոսքով՝ աշակերտները հիմա մոտ 15-ն են, բայց 10 օր է՝ դաս չեն անում:
«Մեր վաստակած հարգանքի, մեր հանդեպ վստահությունից ելնելով մարդիկ շարունակում են իրենց երեխաներին մեզ մոտ բերել: 30 տարի է՝ այս արվեստանոցը գործում է: 13 տարի է՝ դե ֆակտո դասավանդում եմ, վերջին 4 տարին արդեն որպես աշխատող են ընդունել»,-նկատեց նա:
Իսկ, թե ի՞նչ է կատարվում մյուս բաժիններում՝ մեր զրուցակիցը նկատեց. «Մյուս բաժիններում պարզապես փոփոխություններ են տեղի ունենում. մեկին մի տեղ են տանում, մյուսին՝ այլ»:
Հրաչ Համբարձումյանի խոսքով՝ դիմել են Հանրային խորհրդին, որտեղ կքննարկվի այս հարցը: 3 օրվա ընթացքում մոտ 100 հոգի ստորագրել է արվեստանոցի համար:
Փորձեցինք կապ հաստատել նաև Լևոն Իգիթյանի հետ, անհասանելի էր...
Անի Կարապետյան