26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Իրավապահ մարմինները շարունակում են քննություն իրականացնել մահվան հանգամանքները պարզելու համար: Asekose.am-ը կապ հաստատեց Շուշանիկ Բախշյանի փաստաբանի՝ Ալեքսանդր Սիրունյանի հետ՝ պարզելու համար գործի հետ կապված որոշակի մանրամասներ:
Մեզ հետ զրույցի ընթացքում պրն. Սիրունյանը հերքեց այն փաստը, որ Մերիի Մարգարյանը երկկողմանի թոքաբորբ է տարել, օրեր շարունակ ջերմություն է ունեցել, սակայն համապատասխան ուշադրության չի արժանացել բժշկուհու կողմից:
Անդրադառնալով Շուշանիկ Բախշյանի՝ որպես վկա հարցաքննվելու հանգամանքին. պրն Սիրունյանն ասաց. «Նա հարցաքննվել է կամավոր, 2 անգամ մենք ենք խնդրել քննիչին, որ մեզ հարցաքննեն»:
Մեր հարցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ Շուշանիկ Բախշյան աշխատանքի չի գնում, նույնիսկ ցանկանում է մեկնել Հայաստանից, փաստաբանն ասաց. «Նման բան բացառվում է: Նա երկրում է, ոչ մի տեղ գնալու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ մտադրություն»:
Նա հավելեց նաև, որ բժշկուհին շարունակում է աշխատանքի գնալ, թեև գտնվում է շատ ծանր հոգեվիճակում:
«Պիտի հասկանանք, թե այդ ընթացքում բժշկական ոլորտից ովքեր ինչ պարտականություններ չեն կատարել»,- իր խոսքում նշեց փաստաբանը:
Պրն Սիրունյանը հրաժարվեց պատասխանել մեր այն հարցին, թե ինչու՞ է բժշկուհին հրաժարվել կեսարյան հատում անել Մերի Մարգարյանին՝ ասելով, որ չի ցանկանում հրապարակել նախաքննության արդյունքները:
Մարգարյանների իրավհաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց, որ նայելով դատաբժշկական փորձաքննության արդյունքներին՝ հստակ կարելի է տեսնել, որ Մերի Մարգարյանի մոտ դեռևս կենդանության օրոք որևէ առողջ օրգան չի մնացել:
«Տուժող կողմը մինչ այժմ ինչ հայտարարություն արել է, դրա կապակցությամբ առկա նյութ ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին: Եթե մենք ասում ենք, որ Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն, դրա վերաբերյալ մենք ունենք ապացույց: Եթե ասում ենք, որ Մերի Մարգարյանը չի հոսպիտալացվել ամսի 23-26, այդ փաստի վերաբերյալ նույնպես ունենք ապացույց: Ցանկացած հայտարարության տակ պետք է անպայման լինի հիմնավորում. մենք ոչինչ մինչ օրս վերացական չենք ասել»,-հավելեց Մարինե Թովմասյանը՝ նշելով, որ մասնագիտական էթիկայից ելնելով՝ չի ցանկանում մեկնաբանել իր կոլեգայի ասածները:
Մարգարյանների շահերի պաշտպանը փաստեց, որ փորձում են պարզել, թե ինչու՞ բժշկուհին չի համաձայնել կեսարյան հատում անել Մերի Մարգարյանին, ինչի շնորհիվ, միգուցե, հնարավոր կլիներ փրկել մոր և նորածնի կյանքը:
«Գործով մեղավորներ դեռևս չկան: Ամեն ինչ պարզ կլինի հանձնաժողովային փորձաքննությունից հետո: Դարձյալ որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի հանձնաժողով ստեղծվի, քննարկումներ լինեն, և համապատասխան եզրակացություն տրվի»,- իր խոսքը եզրափակեց Մարգարյանների իրավաբան Մարինե Թովմասյանը:
Հիշեցնենք, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ Մերի Մարգարյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որն առկա է եղել Մերիի մոտ դեռևս կենդանության օրոք:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան