Արդեն տեղեկացրել ենք «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հաշվառված և այնտեղից հուլիսի 27-ին ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ տեղափոխված ծննդկանի՝ 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան մասին: Հայտնի է նաև, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Asekose.am-ը կապ հաստատեց տուժողի իրավհաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանի հետ՝ պարզելու, թե ինչու՞ մահվանից 40 օր անց դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ չեն, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում գործի բացահայտման ուղղությամբ:
Մեզ հետ զրույցի ընթացքում Մարինե Թովմասյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը շատ չի ուշանում, քանի որ փորձաաքննությունը կարող է իրականացվել 30 աշխատանքային օրվա ընթացքում:
«Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Մերի Մարգարյանի բոլոր օրգանները հետազոտվում են, իսկ յուրաքանչյուր օրգանի հետ կապված հետազոտությունները նույնպես որոշակի սահմանված ժամկետ ունեն: Բացի դրանից, տուժողի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, որոնք կցվել են քրեական գործին, նույնպես փորձագետների հետազոտության անհրաժեշտություն ունեն », - հավելեց փաստաբան Մարինե Թովմասյանը:
Վերջինս նշեց նաև, որ դատաբժշկական եզրակացության ձգձգման կամ դրա դիտավորյալ ուշացման դեպքում իրենք համապատասխան բողոք-միջնորդություն կներկայացնեն:
Մարինե Թովմասյանը փաստեց նաև, որ նախնական արձանագրության համաձայն՝ Մերիի մոտ ախտորոշվել են երկկողմանի թոքաբորբ և օրգանների անբավարարություն:
«Այս պահին մեզ համար կարևոր է պարզել թոքաբորբի առաջացման պատճառները և օրգանների ախտահարման ժամանակագրական տևողությունը՝ հասկանալու համար՝ արդյո՞ք թոքաբորբն է դարձել անդառնալի հետևանքի՝ մահվան պատճառը: Դա կնպաստի նաև կենդանության օրոք Մերիի առողջական վիճակի գնահատմանը«,- մեզ հետ զրույցի ընթացքում նշեց փաստաբանը:
Մեր այն հարցին՝ արդյո՞ք փաստաբանը կամ տուժողի հարազատները փորձել են անձամբ կապ հաստատել «Շենգավիթ» ԲԿ-ի բժկուհի Շուշանիկ Բախշյանի հետ, Մարինե Թովմասյաննն ասաց. «Թե՛ իմ, թե՛ տուժողի իրավահաջորդների կողմից երբևէ փորձ չի արվել հանդիպելու Շուշանիկ Բախշյանին, և այս պահի դրությամբ նման նպատակ էլ չունենք, սակայն մեզ հետաքրքիր են նրա մեկնաբանությունները իր հսկողության տակ գտնվող հղի կնոջ առողջական վիճակի և մահվան պատճառի մասին»:
Անդրադառնալով Շուշանիկ Բախշյանի այն հայտարարությանը, որ եթե Մերիի ողբերգական մահվան մեջ կան մեղավորներ, ապա նրանք բոլորն էլ օրենքի շրջանակներում պետք է կրեն պատասխանատվություն՝ Մարգարյանների ընտանիքի շահերի պաշտպանը ասաց. «Արդյո՞ք բժշկուհին իր մեղքի բաժինը չի զգում այս ողբերգական պատմության մեջ, արդյո՞ք իր գործողությունները ինքը իրավաչափ է գնահատել՝ 5 օր շարունակ չհոսպիտալացնելով հղի կնոջը»:
Մարինե Թովմասյանը իր խոսքում նշեց նաև, որ կատարվածի մեջ իր մեղքի բաժինն ունի նաև հիվանդանոցի անձնակազմը. «Մերի Մարգարյանը բժշկական հաստատություն է դիմել այն օրը, որը Շուշանիկ Բախշյանի հերթապահությանը օրը չի եղել, ինչը նշանակում է, որ հերթապահ բժիշկները նույնպես անուշադրության են մատնել հիվանդին և վերջինիս համապատասխան բժշկական օգնություն չեն ցուցաբերել»: Հայտնի է, որ հարուցվել է քրեական գործ, սակայն գործով մեղադրյալներ դեռևս չկան: «Գործն արդեն քննության շրջանակում է, հարցին վերջնական լուծում կարելի է տալ միայն իրավական հարթակում»,- իր խոսքը եզրափակեց Մարգարյանների փաստաբան Մարինե Թովմասյանը:Եղբոր՝ Մարտին Մարգարյանի հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Մարգարյանների ընտանիքը մտադիր է մինչև վերջ պայքարել, որ արդարությունը հաղթի և մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը:
«Քրոջս մահվան մեղավորը Շուշանիկ Բախշյանն է՝ իր անտարբեր վերաբերմունքով ու մասնագիտական հմտությունների պակասով: Կատարվածի մեջ մեղավոր է, առհասարակ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմը»,- Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց Մերի Մարգարյանի եղբայրը:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան