Տեղի ունեցավ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի «О войне и победе» երկհատորյակի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է տարածաշրջանային վերջին զարգացումներին, հայ-ադրբեջանական հակամարտության պատմական, իրավական և քաղաքական առանձնահատկություններին:
«Կյանքի վերջին տարիները հայրս նվիրել էր հրապարակախոսական, վերլուծական աշխատանքին և ամեն ինչ անում էր, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտությունն ունենա ճիշտ քաղաքական, ռազմական բնութագրում, ճիշտ ընկալվի հասարակության կողմից:
Նա անընդհատ խմբագրում էր գիրքը, իսկ երբ արդեն ունեինք տպագրված տարբերակը, անպայման մասնակցում էր, չնայած այդ օրերին արդեն ի վիճակի չէր»,-ասաց քաղաքագետի որդին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Երկու հատոր է, բայց 3 գրքից է բաղկացած: Առաջին գրքում պետք է ցույց տայինք, թե ով է մեր թշնամին, ում հետ ենք մենք կռվում: Այստեղ Լևոնը հետաքրքիր հոդված ունի, որտեղ ասում է, որ Ցեղասպանությունը սկսվել է 10 դար առաջ, երբ քոչվոր թուրքերը մտան Հայկական բարձրավանդակ: Ցույց տալով թշնամուն՝ նա չի ասում, որ մենք լավն ենք, նրանք վատը, այլ ասում է, որ մենք պարզապես տարբեր ենք, այլ աչքերով ենք նայում կյանքին: Հաջորդ երկու գրքերն արդեն Ադրբեջանի և Արցախի մասին են: Քաղաքագետը փաստաթղթերով հիմնավորում է, որ Ադրբեջանը զինված ագրեսիա է իրագործել նորանկախ Արցախի դեմ, նշում է, որ Ադրբեջանի անկախությունն անօրինական է: Աշխատանքում հանգուցային տեղ է գրավում Մադրիդյան սկզբունքը: Անդրադարձել է նաև ջրի հարցին: Լևոն Մելիք-Շահնազարյանը կարծում էր, որ հայկական ջուրն ավելի թանկ է, քան Ադրբեջանի նավթը: Մենք շատ լավ գիտենք, որ 15-20 տարի հետո ջուրը քիչ է լինելու, հետևաբար՝ ավելի թանկ: Քաղաքագետն այստեղ լուրջ հարց է առաջ քաշում.ինչո՞ւ պետք է մեր ջուրը տանք թշնամուն: Ինչո՞ւ պետք է մինչև հիմա Արցախն Ադրբեջանին ոռոգման ջուր տա.ինչո՞ւ ենք տվել ու շարունակում տալ, երբ ամեն օր սահմանին զոհ ունենք»,-մանրամասնեց նյութերի դասակարգող Ելենա Խաչատրյանը:
Անի Կարապետյան