▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«System of a Down»-ը միշտ աջակցում է Օրրանին. Արմինե Հովհաննիսյան

Այսօր «Նոյյան  Տապան» լրատվական կենտրոնում տեղի ունեցավ Տարեցների միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որին մասնակցում էին «Օրրան» բարեգործական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, սոցիոլոգ, «Սոցիոմետր» ՀԿ նախագահ Ահարոն Ադիբեկյանը, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող ավագ քահանա Տեր Պետրոս Մալյանը, Կենտրոն վարչական շրջանի Հայրենական մեծ պատերազմի վետերանների ակումբի նախագահ Ռուբեն Սարգսյանը, հոգեբան Աննա Բադալյանը, «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի սոցիալական աշխատանքի խորհրդատու Մերի Դավթյանը:

Ասուլիսի ընթացքում քննարկվեցին Հայաստանում տարեցների կյանքի որակի, հասարակության մեջ նրանց ունեցած դերի, սոցիալական, բարոյական, հոգեբանական պաշտպաշվածության, նախասիրությունների հետ կապված հարցերը: Բանախոսներըբ ներկայացրին բարեգործական այն ծրագրերը, որոնք իրականացվում են բացառապես տարեցների համար:

Տեր Պետրոս Մալյանը նշեց, որ հայ առաքելական եկեղեցին բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում տարեցների համար, որ վերջիններս միշտ ուշադրության կենտրոնում լինեն: «Մեր տարեցները պիտի ամեն օր ուշադրության կենտրոնում լինեն, մենք պետք է կարողանանք հարգել ու սիրել նրանց»,-ասացավագ քահանա Մալյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով տարեցների կյանքի որակին, շեշտեց, որ ամենակարևոր խնդիրն այսօր տարեցների զբաղվածության հարցն է,սակայն նշեց նաև, որ տարեց մարդիկ երբեմն իրենք էլ պետք է նախաձեռնողի դերում հանդես գան: Նա խորհուրդ տվեց բոլորին սովորել, քանի որ դա ծերության դեմ լավագույն միջոցն է:

Ռուբեն Սարգսյանը, խոսելով  տարեցների հիմնական խնդիրներից, ասաց. «Տարեցները երեխայի նման զգայուն են: Նրանք, բացի ֆինանսական աջակցությունից, ուշադրության ու հոգատարության կարիք ունեն»:

Հոգեբան Աննա Բադալյանը իր խոսքում անդրադարձավ տարեցների հոգեբանական պաշտպանվածության, հասարակության մեջ ունեցած տեղի հարցերին՝ ասաց. «Շատ կարևոր է , որ տարեցները զբաղմունք ունենան, քանի որ այդ այդ դեպքում իրենց հասարակության լիարժեք անդամ են զգում»:

«Օրրան» բարեգործական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը պատմեց, որ կենտրոնն այժմ Վանաձորում իրականացնում է աղքատ կենսապայմաններ ունեցող ավելի քան 40 մեծահասակների օգնություն: Նա նշեց նաև, որ իրենց մեծ աջակցություն են ցուցաբերել System of a Down խմբի անդամները, ովքեր SOAD վերնաշապիկների վաճառքից գոյացած հասույթի մի մասը նվիրաբերել են Օրրանին:

Տիկին Հովհաննիսյանի խոսքով՝ Սերժ Թանկյանը Օրրանին է նվիրել նաև իր կիթառը, որով նա նվագել էր "Wake Up the Souls" շրջագայության ժամանակ: Այդ կիթառը աճուրդի կհանվի այս տարվա նոյեմբերի 8-ին Լոս Անջելեսում կայանալիք  Օրրանի դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ, իսկ ողջ հասույթը կտրվի Վանաձորի տարեցներին: Նա նշեց նաև, որ կենտրոնը հիմնել է տարեցների երգչախումբ՝ «Ոսկե աշուն», որն արդեն հանդես է եկել բազմաթիվ ելույթներով:

«Տարեցների նկատմամբ վերաբերմունքը ցույց է տալիս, թե որքանով է զարգացած տվյալ հասարակությունը: Մեծահասակները ավելի շատ կարիք ունեն ուշադրության ու հոգատարության, քան մի պնակ տաք կերակուրի»,-իր խոսքը եզրափակեց «Օրրան» բարեգործական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին