▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ նախարարությունը Մերիի գործով քննության արդյունքները չի փոխանցում քննիչին

Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի գործով նշանակվել էր հանձնաժողովային փորձաքննություն:

Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Մարգարյանների իրավհաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը նշեց, որ առողջապահության նախարարությունը քննչական մարմնին չի փոխանցել Մերի Մարգարյանի գործով կատարված քննության արդյունքները: Նա հավելեց, որ քննիչը  արդյունքները ստանալու համար գրավոր դիմում է ներկայացրել առողջապահության նախարարություն:

«Առողջապահության նախարարությունն իր իրականացրած ներքին քննության արդյունքները պետք է փոխանցեր քննիչին: Վերջինս էլ մեզ պետք է հայտներ արդյունքների մասին: Արդյունքները դեռ սեպտեմբերի վերջին արդեն պատրաստ են եղել, սակայն նախարարությունը եզրակացությունը չի փոխանցում քննչական մարմնին անհայտ պատճառներով,- ասաց իրավաբան Մարինե Թովմասյանը:

Վերջինս փաստեց, որ այդ հանգամանքը իրեն և իր պաշտպանյալներին անհանգստանալու և կասկածելու տեղիք է տալիս, քանի որ քննության արդյունքները շատ կարևոր նշանակություն ունեն գործի բացահայտման համար:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի գործով նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որը պարզել էր, որ 26-ամյա ծննդկանի մահը վրա էր հասել բազմաօրգանային անբավարարությունից, որն առկա է եղել Մերիի մոտ դեռևս կենդանության օրոք: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին