Մի քանի օր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարանին տեղեկացրել են, որ իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նա այլևս գլխավոր դիրիժոր չէ:
«Ինչքա՞ն կարելի է մարդուն չհարգել ու թղթով տեղեկացնել, որ նա հեռացված է աշխատանքից: Ո՞ւր է այն մասնագիտական հիմնավորումը, թե ինչո՞ւ է հեռացվել: Ի՞նչ է փայտիկը ձախ ձեռքով է բռնել ու սխալ չա՞փ է տվել, արժեքային համակա՞րգն է տուժել նրա գործունեությունից»,-իր վրդովվմունքն այսպես արտահայտեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը :
Նրա կարծիքով Օպերային թատրոնը մի փոքր շեղվել է իր ֆունկցիայից.
«Ես սպասում եմ, որ այս թատրոնը հարց դնի, թե ինչպե՞ս է շարունակելու այն ավանդույթները, որոնք եկել-հասել են մեզ որպես ազգ: Օրինակ՝ ինձ ոչ մի առաջարկ չի եղել, թե ի՞նչ ստեղծագործություն կարող եմ առաջարկել, որ քննարկեն և ներկայացնեն: Հսկայական միջոցներ են ծախսում, որպեսզի իտալական օպերաներ կամ այլ դպրոցի գործեր ներկայացնեն: Ինչի՞ համար է այս բոլորը, եթե մեր ինքնությունը ներկայացնելու խնդիրը կա: Լսել եմ, որ օտար մարդու են ցանկանում բերել ու նավագախմբի ղեկավար դնել: Առաջին ոչ ասողը ես կլինեմ: Օտար մարդը մեր օպերային արվեստի խնդիրներով չի կարող ապրել»,-խոսքը եզրափակեց կոմպոզիտորը:
Անի Կարապետյան