Օրեր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թատրոնն այլևս չունի գլխավոր դիրիժոր։
Պարզվում է՝ մի քանի օր առաջ Կարեն Դուրգարյանը ստացել է ծանուցագիր, որով էլ տեղեկացել է այդ պաշտոնից ազատվելու մասին:
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Դուրգարյանը հազիվ կարողանալով զսպել իր հուզմունքը՝ ասաց.
«Օրենքով մարդուն աշխատանքից ազատելուց առաջ 2-3 ամիս շուտ պետք է տեղեկացնեն: Եվ, եթե օրենքի այդ կետը ոտնահարվում է, տույժ է կիրառվում: Ես ուրախ եմ, որ թատրոնն ունի ֆինանսական հնարավորություն և արագ կարող է ինձ վճարել, իսկ պատճառաբանությունը եղել է այն, որ փոխում են մեխանիզմը, որն էլ չգիտեմ՝ ինչ է նշանակում:
Գլխավոր դիրիժորը նա է, ով փորձում է իր կոլեգաների հետ պահպանել այն ավանդույթները, որոնք եղել են ու գեղեցիկ կերպով ներկայացնել այն, ինչ գրել է կոմպոզիտորը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ստեղծվել է դիրիժորների շնորհիվ: Ստեղծվել է կառույց, որտեղ արվեստագետներ են հավաքվել: Ես խոսում եմ արվեստագետների մասին և ոչ՝ աթոռի: Կարևորն իմ մասնագիտությունն է, որը ձեռքիցս ոչ ոք չի խլել: 8 տարի առաջ Մշակույթի նախարարությունը կրճատեց գեղարվեստական ղեկավարի հաստիքը և, հաղորդումներից մեկի ժամանակ երբ ինձ հարցրեցին՝ լա՞վ է, որ թարոնը չունի գեղ.ղեկավար, պատասխանեցի՝ այո, ճիշտ է, եթե մենք մտադիր ենք քայքայել, քանդել թատրոնը: Հիմա էլ գլխավոր դիրիժոր չունենալու առումով եմ ասում՝ եթե ցանկանում ենք խաղալ նվագախմբի հետ, ուրեմն նա պետք չէ»:
Հարցին, թե լուրեր են տարածված, որ իրեն փոխարինելու է Սերգեյ Սմբատյանը, Դուրգարյանը նկատեց.
«Ես չէի ցանկանա, որ այս հանդիպումը վերաբերեր նրան, թե ով ինչ է ասում և դու ինչ ես պատասխանում: Օդում խոսակցություներից ես հեռու եմ: Ես դրան պատրաստ չեմ»:
Անդրադառնալով Մշակույթի նախարարության՝ այս հարցին առնչվել-չառնչվելու հետ, դիրիժորը նկատեց.
«Նախարարն ընդհանրապես որևէ մեկի գործին խառնվելու իրավունք չունի, որովհետև եթե դու նշանակել ես տնօրենին, դիրիժորին, գեղ.ղեկավարին՝ հավատալով նրանց, պետք է տաս հնարավորություն, որպեսզի մարդիկ ապացուցեն, որ դա ճիշտ է: Օրինակ՝ դեպք է եղել, երբ նախարարներից մեկն ասաց, թե նվագախումբն ինչո՞ւ չի երգում»:
Կարեն Դուրգարյանը խոսելով իր անելիքների մասին՝ նշեց.
«Ես որևէ քայլ չեմ անելու այս ուղղությամբ, քանի որ կստացվի՝ աթոռի կռիվ եմ անում: Ես դրան պատրաստ չեմ, չեմ ուզում: Ես ունեմ իմ տեղը, իմ մասնագիտությունը: Ճշմարտությունը բոլորն էլ տեսնում են: Աշխատանքս նաև դրսում ունեմ, որովհետև դասական արվեստը միաջազգային լեզու է և այդ դաշտում հնարավորություն ունես ցույց տալ քեզ: Ես միշտ ներկայացրել եմ Հայաստանը ու կներկայացնեմ»:
Նշենք, որ ասուլիսին ներկա էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժիշտները, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ովքեր եկել էին իրենց աջակցությունը հայտնելու դիրիժորին:
Անի Կարապետյան