Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը կայքերին տեղեկացրել է, թե ստուգել է Երևանում Ինկասացիայի մեքենայով կին առևանգելու տեղեկատվությունը ու պարզել, որ ահազանգը կեղծ է եղել՝ այսինքն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Հետաքրքիր է, որ այս մասին ահազանգած քաղաքացիները չեն հավատում ոստիկանության հերքմանն ու այն տարօրինակ են համարում:
Նրանք պնդում են, որ ականատես են եղել, թե ինչպես 14.00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում, 760 ՏԼ 01 պետհամարանիշի Ինկասացիայի դեղնավուն մեքենայով միջին տարիքի կնոջը մի տղամարդ բռնությամբ մտցնում էր մեքենայի մեջ, իսկ կինը օգնություն էր կանչում:
Ահազանգողներից մեկը զանգահարել էր Asekose.am-ի խմբագրություն ու նշում էր, որ ոստիկանությունը իր հերքման տեքստում լավ կլիներ նշեր, թե արդյոք ստուգել է իրենց ահազանգերում նշված պետհարամարանիշի մեքենան ինչով է զբաղվել նշված ժամին ու, եթե նույնիսկ, Ինկասացիայի մեքենայով կին չեն առևանգել, այլ, ասենք, ընտանեկան հարցեր են լուծվել, այդ մասին ևս իր հերքման տեքստերում պարզաբաներ:
Պետք է նշել, որ դժվար է չհամաձայնել քաղաքացու հետ: Ժամը 14.00-ի սահմանում, նշված դեպքի առիթով, Ոստիկանություն և 911՝ Արտակարգ իրավիճակներ զանգահարած քաղաքացիները հո՞ տեսողական խաբկանք չեն ունեցել:
Asekose.am-ը կփորձի հետևել այս տարօրինակ դեպքին ու, եթե, իրոք, տեղեկատվությունը սուտ լինի, ուրախ կլինի, որ Երևանում , օրը ցերեկով, մարդ չեն առևանգում, այն էլ՝ Ինկասացիայի մեքենայով: