▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա ավելի հանգիստ եմ. Քյարամ Սլոյանի հայրը Մարտակերտից որդու իրերն է բերել

Armtimes.com-ը գրում է.

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախում վերսկսված մարտական գործողություների ընթացքում զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը, որ շաբաթ օրը մեկնել էր Մարտակերտ՝ «էրեխու բարձից հոտ առնելու», իրերը բերելու, նրա զոհվելու վայրը տեսնելու, վերադարձել է այնտեղից:

Մեզ հետ զրույցում Քյալաշ Սլոյանը պատմեց, որ 3 օր է մնացել Մարտակերտում, հասցրել տեսնել զորամասը, որտեղ Քյարամը ծառայել է, վերցնել նրա հագուստը, ուսապարկը, ամանն ու գդալը:

«Գնացի իր զորամաս, շորերը այնտեղ էր, հավաքեցի, բերեցի: Իր ուսապարկը, ամանը, գդալը, ամեն ինչ տվեցին: Հետո «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով մեզ (Քյալաշ Սյոյանին, որդիներին, եղբոր որդիներին, եղբորը-խմբ.) տարան դիրքերը, որտեղ մահացել է Քյարամը: Այնտեղ ծաղիկ էին դրել, իր գլխարկն էր դրված, ես էլ նկարվել եմ այդտեղ»,- պատմեց պարոն Սլոյանը: Նա նշեց, որ ցանկանում էր ավելի երկար մնալ դիրքերում, տեղանքն ուսումնասիրել, սակայն թույլ չեն տվել՝ ասելով, որ առաջնագծում լինում են միայն զինծառայողները:

Քյալաշ Սլոյանն ասում է, որ որդու իրերը պատրաստվում է դնել սենյակում՝ Քյալաշի իրերի համար «ստեղծված» փոքրիկ անկյունում: Ցանկության դեպքում նա որոշ իրեր պատրաստ է նվիրել հայրենի Արտաշավան գյուղի (Արագածոտնի մարզ) դպրոցին, որտեղ Քյարամի անունով ռազմագիտության դասարան է անվանակոչվել:

Խոսելով Մարտակերտ այցելությունից հետո իր հոգեվիճակի փոփոխության մասին՝ Սլոյանն ասաց, որ հիմա ավելի հանգիստ է, քանի որ որդու ապրելակերպի, անցկացրած վերջին օրերի, զոհվելու հանգամանքների հետ կապված գրեթե ամեն ինչ իր աչքի առջեւ է.

«Էստեղ շատ բան էին խոսում, թե իբր նռնակով պայթեցրել է, եւ այլն: Գնացի, իր ընկերների, հրամանատարների հետ խոսեցի, պատմեցին՝ ոնց է մահացվել էդ էրեխեն: Ասում էին նռնակ են քաշել, իրենց տրաքացրել. տենց բան չկար: Հենց կռիվը սկսվել է, Օհանյանին (հրամանատար) խփել են, Քյարամը գոռացել է, թե վիրավոր կա: Մի զինվոր է եկել, Օհանյանի մարմինը փորձել են մոտեցնել շտապօգնության մեքենային, էրեխա են, չեն հասկացել, որ մահացած է: Էդ ընթացքում Քյարամը եւս վիրավորվել է, ասել է հետ կգաք, որ ինձ էլ օգնեք: Մինչեւ նրանք հետ են եկել, որ Քյարամին օգնեն, արդեն թուրքերը լցվել են խրամատ: էդ խրամատում էլ զոհվել է: Մի քանի ժամ հետո տղերքը հետ են վերցրել մեր պոստը, նոր կարողացել են դիակը հանել հողի տակից. ականի պայթյունից վրան հող է լցված եղել»,- պատմեց Քլոյանը՝ հուզմունքը հազիվ զսպելով շարունակելով. «Ընկերներին էլ տեսա, շատ լավ բաներ էին ասում Քյարամի մասին, գովում էին, որ լավ, ուշադիր զինվոր է եղել: Մի հրամանատար կար, հարցրի Քյարամի մասին՝ ասեց ինքը հզոր զինվոր էր»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին