▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղադրանքն ամբողջովին անհեթեթ է և արհեստական. Կարո Եղնուկյանի նամակը՝ մեկուսարանից

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարող Եղնուկյանն իր դեմ առաջադրված մեղադրանքն անհեթեթ է եւ արհեստական է համարում: Նա ԱԱԾ-ի մեկուսարանից այս մասին բաց նամակ է տարածել:

«Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, ես հուլիսի 19-ից ձերբակալվել եմ եւ գտնվում եմ ԱԱԾ-ի մեկուսարանում:

Հուլիսի 17-ի առավոտյան ոստիկանները այցելեցին իմ բնակարան՝ առանց որեւէ որոշման եւ պատվիրում էին ինձ իրենց հետ գնալ ոստիկանություն, որպեսզի օգնեմ ԱԱԾ-ին: Տեղյակ չլինելով, թե ինչի շուրջ պետք է ծավալվի զրույցը, ես հրաժարվեցի դուռը բացել՝ պատճառաբանելով, որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ԱԱԾ-ին օգտակար լինել: Որոշ ժամանակ անց նրանք հեռացան:

Հուլիսի 18-ին ինձ եւ երկու մեծ աղջիկներիս Խորենացի փողոցից՝ հանրահավաքի վայրից բերման ենթարկեցին ոստիկանություն եւ ապօրինի կերպով պահեցին 5 ժամից ավել եւ միայն փաստաբանի միջամտությամբ ազատ արձակվեցինք:

Հունսիս 19-ին գնացել եմ Civilnet, հարցազրույց եմ տվել եւ վերադարձել եմ տուն: Այդ օրը չեմ գտնվել հրապարակում:Ժամը 2000-ին ԱԱԾ-ի աշխատակիցները եկան իմ բնակարան եւ մոտ 6 ժամ խուզարկություններ կատարեցին իմ եւ զոքանչիս բնակարաններում, ավտոտնակում եւ իմ երկու մեքենաներում, որից հետո ինձ ձերբակալեցին:

22.07.2016թ. «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին օժանդակելու մեղադրանքով ինձ մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ 3-րդ մասով՝ պատանդներ պահելուն օժանդակելու եւ 38-219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զավթած շենք շինություններ պահելուն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի ինձ են մեղսագրվել հետեւյալ գործողությունները.

1. Որ ես խմբի անդամից տեղեկանալով դեպի գունդը տեխնիկայի շարժի մասին ստացված տեղեկությունը հրապարակել եմ եւ դրանով խափանել գրոհը տղաների վրա:

2. Որ ես միջոցներ եմ ձեռնարկել Ազատության Հրապարակում հավաքի մասնակիցներին գնդի մոտակա տարածք տեղափոխելու համար:

3. Որ ես ապատեղեկատվություն եմ տարածել, որ իրավապահ մարմինների տրամադրած սննդից զինված խմբի անդամները թունավորվել են, եւ այս անելով ես վարկաբեկել եմ իրավապահ մարմիններին:

4. Որ ես ձգտել եմ «Սասնա ծռերի » համար դրսից ապահովել ռադիո կապ:

Մեղադրանքը ամբողջովին անհեթեթ է եւ արհեստական: Ես այս նշված գործողությունները չեմ կատարել, բայց նույնիսկ եթե կատարած լինեի դրանք քրեորեն պատժելի չեն: Առաջին երեք կետերը վերաբերում են տեղեկություն տարածելուն, որը իմ ազատ խոսքի իրավունքն է: Իսկ վերջին կետը խոսում է այն բանի մասին, որ ես ձգտել եմ ռադիոկապ ապահովել, որը բացարձակ իրավաբանությանը ծանոթ դրույթ չէ, քանի որ անձանց ձգտումների, կամ որ նույնն է ցանկությունների համար մեղադրանք չեն առաջադրում:

Սա առաջին դեպքը չէ, որ ես իմ քաղաքական հայացքների համար հետապնդվել եմ: Ես ցուցաբերել եմ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվություն սկսած Մաշտոցի պուրակից մինչեւ այս վերջին դեպքերը: Այս մեղադրանքները կարդալիս, դուք ինքներդ կարող եք տեսնել եւ համոզվել, թե ինչքան շինծու են դրանք: Այս քրեական գործը ունի մեկ նպատակ` ինձ մեկուսացնել պայքարի դաշտից, որպեսզի գլխատվի եւ ճնշվի շարժումը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը խնդրում եմ ամեն հարմար առիթի դեպքում Ձեր ձայնը բարձրացնել այս ակնհայտ անօրինականության համար, խնդրում եմ, որպես բողոքի նշան փաքրիկ նամակ ուղարկել Ֆեյսբուքյանի իմ էջին՝ սատարելով ինձ …»,- գրված է նամակում:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին