«Չէի պատրաստվում սպանել մարդկանց»,- ոստիկանությանը ցուցմունքներ տալու ժամանակ ասել է երեկ Մոսկվայի բանկերից մեկը գրաված սնանկ գործարար Արամ Պետրոսյանը:
ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքի բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան РИА Новости գործակալությանը մեջբերել է Պետրոսյանի խոսքերը.
«Նա չի պատրաստվել սպանել պատանդներին, նրա խոսքով՝ նա պարզապես ցանկացել է ուշադրություն հրավիրել իր խնդրին»,- պատմել է Իվանովան:
Հիշեցնենք, որ երեկ սնանկացած հայ գործարար Արամ Պետրոսյանը գրավել էր Մոսկվայում Սիթի Բանկի՝ Բոլշոյ Նիկիտսկիում գտնվող մասնաճյուղը: Արամ Պետրոսյանը բանկ էր մտել կրծքին պայթուցիկ սարք հիշեցնող ինչ-որ առարկա կապած.
«Ես չեմ եկել ձեր բանկը թալանելու, ես եկել եմ ձեր բանկը գրավելու»,- հայտարարել էր նախկին գործարարը:
Արդյունքում, ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում նա բաց էր թողել բոլոր պատանդներին, այնուհետև` հանձնվել:
Այսօր Life.ru կայքը հրապարակել է Արամ Պետրոսյանի ձերբակալության տեսանյութը: