Հունվարի 18-ին Ալեքսանդր Լապշինը Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Ռաչինսկի-Սպիվակովայի ներկայությամբ ստորագրել է «Ադրբեջանի նախագահին ուղղված նամակը»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նամակում նա ներողություն է խնդրում իր գործողությունների համար։ Բելառուսում Իսրայելի հյուպատոսը հաստատել է նամակը և Բաքվում մեր դեսպանատան միջոցով հանձնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմին»,- ասել է Ռաչինսկի-Սպիվակովան։ Դիվանագետը նաև հաղորդել է, որ Լապշինի մայրը, որն Իսրայելի քաղաքացի է և բնակվում է այնտեղ, խնդրել է Ադրբեջանի նախագահին ներում շնորհել իր որդուն։ Միաժամանակ հյուպատոսը նշել է, որ Իսրայելի դիվանագիտական առաքելությունն իր բոլոր գործողությունները համակարգում է Ռուսաստանի դեսպանատան հետ, քանի որ Լապշինը նաև Ռուսաստանի քաղաքացի է։
«Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է` մենք դեմ ենք բլոգերի արտահանձնմանը, կարծում ենք, որ նրան պետք է ազատ արձակել», — հայտարարել է նա։
ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որը բնակվում է Մոսկվայում և վարում հեղինակավոր Travel Blog-ը, ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում: 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այդ մասին գրել իր բլոգում՝ քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով: Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին արտահանձնելու պահանջով:
Նշենք, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինինին, ով Իսրայելի քաղաքացի է և երկար տարիներ է, ինչ վարում է ճամփորդական բլոգ, ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Արցախ այցելելու համար:
Հայտնի է, որ Ադրբեջանն այսպես կոչված «սև ցուցակ» ունի, որտեղ ներառված են բոլոր նրանք, ովքեր այցելել են Արցախ, այդ թվում՝ դիվանագետներ, պետությունների ղեկավարներ, հայտնի արտիստներ և այլն: Լապշինը նրանցից մեկն էր: