Արմավիրի բժշկական կենտրոնից հունվարի 28-ին Երևան տեղափոխված և մեկ օր անց մահացած նորածնի հարազատները երեխայի մահվան մեջ մեղադրում են Արմավիրի ծննդատան բժիշկ Նշան Գևորգյանին: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում նշեց մահացած նորածնի պապիկը՝ Ռուստամ Իսայանը: Աղջկա հարազատները չեն հավատում, որ երեխան ծնվել է սրտի արատով և թոքաբորբ է ունեցել, ինչպես որ ծնունդն ընդունած բժիշկն է պնդում:
«Հունվարի 26-ին հարսիս տարել ենք հիվանդանոց , բժիշկը` Նշան Գևորգյանը, սկզբում ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իր ուժերով կունենա երեխային, ավելի ուշ էլ ասաց, թե ծանր ծննդաբերություն է սպասվում, և վակուումով արեցին ծննդօգնությունը: Դրանից հետո մեզ հայտնեցին, թե երեխան մի քիչ պտղաջուր է կուլ տվել, բայց ամեն ինչ նորմալ է, գնացեք տուն»,- պատմեց նա:
Ռուստամ Իսայանի խոսքով` հունվարի 27-ին արդեն իրենցից արհեստական կեր են պահանջել և երեխային կերակրել: Գիշերն արդեն երեխայի վիճակը վատացել է, սակայն այդ մասին հարազատներին ոչինչ չեն հայտնել, միայն հունվարի 28-ին առավոտյան, երբ հարազատները կրկին հիվանդանոց են գնացել` ծննդկանին եւ երեխային տեսնելու, իմացել են այդ մասին. «Մեզ ասացին, որ Երևանից կանչ են գրանցել ու փոքրիկին տեղափոխում են հիվանդանոց, մենք էլ նրանց հետեւից Երեւան են եկել: Այստեղ արդեն բժիշկները մեզ հայտնեցին, որ առանց պտղաջուրն ամբողջությամբ օրգանիզմից հանելու` երեխային կաթ են տվել, դրանից էլ վիճակը վատացել է: Մեզ ուղարկեցին արյուն բերելու, որից հետո հորդորեցին տուն գնալ: Հունվարի 29-ին արդեն երեխան մահացել է»:
Մեր զրուցակցի խոսքով՝ 80 ամյա բժիշկը ծնունդներ չպետք է ընդունի. .«80 տարեկան բժիշկն իրավունք չունի ծնունդ ընդունելու»:
Ռուստամ Իսայանը նշեց, որ այս պահին իր հարսի` Նարինե Բրոյանի առողջական վիճակը լավ է: Նշենք, որ նորածինը երիտասարդ ընտանիքի առաջնեկն էր:
Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ Նշան Գևորգյանն այսօր աշխատանքի չի գնացել: Asekose.am-ը փորձեց կապ հաստատել նաև անձամբ բժիշկ Գևորգյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարը անհասանելի է:
Հավելենք, որ 2012 թ. Նշան Գևորգյանի նկատմամբ քրեական գործի է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը) և 315 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական անփութություն):
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան