▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին ոստիկանապետը՝ ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար

azatutyun.am-ը գրում է. Նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը կզբաղեցնի իշխող Հանրապետականի (ՀՀԿ) Արարատի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնը:

Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Հանրապետականից նման առաջարկ արվել է և ինքն էլ ընդունել է:

Նշենք, որ երեկ, Արարատի կառույցի արդեն նախկին ղեկավար, պատգամավոր Կարինե Պողոսյանը Հանրապետականից դուրս գալու դիմում ներկայացրեց: Պողոսյանն, ով, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի ազգականուհին է, մեկ տասնյակից ավելի անձանց հետ լքեցՀանրապետականը՝ հետևելով Աբրահամյանի օրինակին։

Հարցին, թե կհաջողվի՞ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Հանրապետականի համար շատ ձայներ ապահովել, հաշվի առնելով, որ Արարատի մարզում ուժեղ են Հովիկ Աբրահամյանի դիրքերը, նախկին ոստիկանապետը պատասխանեց, թե գուշակություններ անել չի ցանկանում։

«Ազատություն». - Ձեզ կհաջողվի՞ փոխարինել Հովիկ Աբրահամյանին։

Սարգսյան. - Ես Հովիկ Աբրահամյանին չեմ փոխարինում, ես փոխարինում եմ մարզային կառույցի ղեկավարին՝ Հանրապետական խորհրդի նախագահին, ես Հովիկ Աբրահամյանին չեմ փոխարինում, և հիմա ես չեմ ուզում նույնիսկ այդ մասին մտածել, ես գնում եմ իմ աշխատանքն անեմ՝ ինչ որ իմ պարտականությունների մեջ է մտնում։ Ինչքանով դա կստացվի՝ կյանքը ցույց կտա։

«Ազատություն». - Նկատի ունեմ՝ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը հաշվի առնելով, Ձեզ կհաջողվի՞ նույնչափ շատ ձայներ ապահովել Հանրապետականի համար, ինչպես նա էր անում։

Սարգսյան. - Թույլ տվեք գուշակություններ չանեմ նախապես, թույլ տվեք հասնեմ տեղ, աշխատեմ, ամեն ինչ տեսանելի կլինի, ես այն ժամանակ իմ կարծիքը կհայտնեմ՝ ինչ հույսեր ունեմ։

«Ազատություն». - Իսկ հնարավո՞ր է, որ հետագայում էլ մարզպետի պաշտոնը Ձեզ առաջարկվի։

Սարգսյան. - Չեմ կարծում, չէ, չեմ կարծում, անցած էտապ է ինձ համար...

«Ազատություն». - Իսկ որտե՞ղ եք Ձեզ տեսնում՝ պատգամավոր եք Ձեզ տեսնում, նախարար եք տեսնում, ոստիկանապետ եք տեսնում...

Սարգսյան. - Էս պահին երևի... չգիտեմ, որտեղ հանրապետության նախագահը հարմար կգտնի՝ օրենսդիրում էլ կարող եմ աշխատել, գործադիրում էլ։ Նպատակահարմար կգտնեն՝ կշարունակեմ, չեն գտնի՝ չեմ շարունակի։

«Ազատություն». - Բայց ամեն դեպքում Դուք կլինե՞ք ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում։

Սարգսյան. - Ինձ թվում է՝ այո։

Ի դեպ, հիշեցնենք, Ալիկ Սարգսյանը 8 տարի շարունակ՝ 2000-ից 2008 թվականներին զբաղեցրել է Արարատի մարզպետի պաշտոնը: 2008-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ոստիկանապետ, 2011-ին ազատվելով այդ պաշտոնից՝ առայսօր Սերժ Սարգսյանի խորհրդականն է։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին