«Հաց բերողին» Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով քայլերթի մասնակիցների և ոստիկանների միջև Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում ցուցարար մի կին ուշաթափվել է, իսկ ոստիկանը կորցրել է իր «ռացիան»:
Ոստիկանները հորդորում էին ցուցարարներին բացել ճանապարհի երթևեկելի հատվածը: «Դուք արհեստականորեն լարում եք իրավիճակը»,- հայտարարում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Քաղաքացիներից մեկն էլ հակադարձեց, որ ՀՀ իշխանությունները վաղուց են լարել ոստիկանների ու քաղաքացիների միջև հարաբերությունները: Այդ ժամանակ Օսիպյանը սպառնաց, որ կարգ խախտողները հենց հիմա պատասխանատվության կենթարկվեն: Վ. Օսիպյանը նաև ասաց, որ եթե կարգ խախտվի, իրենք, օրենքի սահմաններում, ուժ են կիրառելու ու մարդկանց բերման են ենթարկելու: Ավելի ուշ, Օսիպյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ ուշաթափված կինը շտապօգնության մեքենայի մեջ է և ասում է, թե ոտքին է հարված զգացել: Երևանի փոխոստիկանապետը նաև նշեց, որ ոստիկանները նկատել են, որ կորած ռադիոկապը՝ «ռացիան» գետնից վերցրել է երթի մասնակից կանանցից մեկը: