Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա՝ սպառնալով, որ եթե իր անունը մեկ անգամ ևս հնչեցնի, վատ կլինի նրա համար:
Նիկոլ Փաշինյան իր ֆեյսբուքյան էջում, այս առիթով, գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ելույթի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը փորձել է անդրադառնալ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի ելույթին, վերջինս տեղից սկսել է ռեպլիկներ անել: «Րոպես պահեք, ես էդքան զահլա չունեմ: Պարոն Գեղամյանը ասում է՝ Արաքսը անցնենք, հասնենք Մուշ, Արդահան: Պարոն Գեղամյան, դա ՀՅԴ ռիտորիկան է, դուք դրա հետ ինչ գործ ունեք, դուք խոսեք լենինիզմի, մարքսիզմի մասին: Համաձայն եմ՝ բոլորն էլ են նույնն են մնացել՝ թուրքերն էլ չեն փոխվել, ռուսներն էլ չեն փոխվել: Պատմության դասեր եք տալիս, ինքներդ գնացեք, սովորեք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութը՝ a1plus.am-ի