▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրավորանք կա ներսումս. Ծովակալ Իսակովի թոռը Հայաստանում անտարբերության է հանդիպել

 


Խորհրդային Միության հերոս,  ծովակալ Հովհաննես (Իվան)  Իսակովի թոռն այս օրերին Հայաստանում է: Հենց Իսակովի` Սուխումիի տանը բնակվող 69-ամյա Մելիք Կերսելյանը Asekose.am-ի հետ զրույցում պատմել է պապի հետ կապված իր հիշողությունների և Հայաստանում իր պապի փառավոր անցյալի հուշերը չգնահատված տեսնելու վիրավորանքի մասին:

«Իսակովը Մոսկվայում ապրել է նույն շենքում, որտեղ ևԽՍՀՄ նշանավոր զորահրամանատար Մարշալ Բաղրամյանը: Իսակովն ուներ ավագ եղբայր և քույր, սակայն նրանք 3-ն էլ ժառանգներ չունեին, նա որդեգրել է իմ հորը: Նրա ավագ եղբայրը հաճախ էր գալիս Սուխումի: Հենց դա էլ եղել է իմ հոր և Իսակովի ծանոթության սիզբը: Հայրս 15-16 տարեկան էր, երբ Իսակովը առաջարկել է հորս գնալ Մոսկվա` կրթությունը շարունակելու: Նա հորս իր տանը տեղ է տվել և նրան ուսման տվել: Հետո, երբ ես ու մայրս նրա այցելության էինք գնում, նա միշտ ասում էր, որ իր տունը հորս ու իմ տունն է: Ես նրա հետ ծանոթացել եմ, երբ 15 տարեկան էի և ընկերներիս հետ մեկնել էի Մոսկվա, սակայն , իհարկե, գիտեի նրա մասին վաղուց:  Երբ Իսակովը մեզ ծանոթացնում էր Մարշալ Բաղրամյանի հետ, վերջինս նայելով հորս կատակով ասաց`«Դու էլ սրա նման շուռ տված հայ ես»:

Զրույցի ընթացքում Մելիք Կերսիլյանը, սակայն, ցավով նշեց, որ այսօր իր պապի փառահեղ անցյալի մասնիկներն անտեսված են Հայաստանում և սերունդները դրանք տեսնելու և դրանց շնորհիվ Ծովակալ Իսակովի կյանքին ծանոթանալու հնարավորություն, դժբախտաբար, չունեն:

«Ես որևէ բողոք չունեմ, պարզապես վիրավորանք կա ներսումս: Իսակովի առաձնասենյակըը, որը սկզբում ներկայացված էր  ներկայիս Ազգային պատկերասրահի տարածքում հնում գտնվող երկհարկանի թանգարանում, իսկ հիմա տարել են Մոնումենտ, գտնվում է ինչ-որ անհասկանալի վիճակում: Տարիներ առաջ գրող Աշոտ Արզումանյանը կապ է հաստատել հորս հետ, և նրա միջոցով հայկական պատվիրակությունը մեկնել է Սուխումի` Իսակովի որոշ իրեր Հայաստան բերելու և այն թանգարանում ցուցադրելու համար: Այդ ժամանակ ես արդեն Մոսկվայում էի սովորում: Հայրս նրանց ասել է, որ ինքն էր ցանկանում Իսակովի տուն-թանգարան հիմնել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չի ստացվում: Հայրս այդ ժամանակ ցանկություն է հայտնել Իսակովի գրասենյակն ամբողջությամբ տեղափոխել Հայաստան, որպեսզի իր հայրենակիցները հնարավորություն ունենան այցելել այնտեղ և տեսնել ծովակալի իրերը: Այսինքն` հայրս ամբողջությամբ այդ տուն-թանգարանը նվիրել է Հայաստանին, սակայն այստեղ այն վատ վիճակում է գտնվում: Ես ունեմ նաև այն բոլոր ցուցանմուշների ցուցակները, որոնք բերվել են Հայաստան, սակայն, ցավոք, հիմա դրանք ցուցադրված չեն, գտվում են արխիվային վիճակում և պարզապես փտում են»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Մելիք Կերսելյանը:  

 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին