Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անձը դանակի սպառնալիքով պահանջում է նախկին կնոջը, որն աշխատում է մանկապարտեզում:
Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է արմավիրցի նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Նա ասել է, որ այս պահին պատանդ է պահվում մեկ երեխա: Հարցին, թե վնասվածքներ ստացած անձինք կան, Գասպարայնն ասել է, որ իր տեղեկություններով, երկուսն են, նրանց վնասվածքները թեթեւ են. «Հիմա շատ խառն է այստեղ, բանակցությունները շարունակվում են»:
Հիշեցնենք, որ մի քաղաքացի ներս է մտել Արմավիրի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։
Ավելի ուշ, մանկապարտեզ մտած անձը պատանդ վերցրած բոլոր երեխաներին բաց է թողել, բայց իր մոտ թողել է երեխաներից մեկին: