▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աթոռը վերցրի ու խփեցի. Չարբախցի Գեղամի որդին աղմկոտ սպանության դեպքից մանրամասներ է պատմում

armtimes.com-ը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր  հարցաքննվեցին գործով ամբաստանյալ քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամ մականունով Պետրոս Իսրայելյանի հարազատները:

Նախ դատարանում ցուցմունք տվեց նրա քրոջ որդին՝ Իսահակ Իսրայելյանը: Նա ասաց, որ դեպքի հետ կապված՝ այն, ինչ իրեն հայտնի է, իր ցուցմունքներում նշել է, ավելացնելու ոչինչ չունի: Դատավորը, սակայն, նրան նախազգուշացրեց, որ վկան պարտավոր է ցուցմունք տալ եւ իրավունք չունի հրաժարվել: Իր ցուցմունքում վկան ասաց, որ դեպքի օրը ավտոլվացման կետում լվացել է Գոռ Իսրայելյանի Մերսեդես մակնիշի ավտոմեքենան: Վերջինս այդ ավտոլվացման կետում որպես հսկիչ է աշխատում: Նրա խոսքով, մեքենայում՝ վարորդի կողքի նստարանի մոտ «տոմատանման» հյութի կամ արյան հետք է եղել, որը մաքրել է: «էդ ավտոն միշտ մաքրել եմ, միշտ մարքում եմ»,- ասաց նա,- «ու պիտի մաքրեք»,- լրացրեց դատավորը, ինչից հետո դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծիծաղել: Վկան ի պատասխան ասաց. «Մաքրությունը լավ բան ա»: Նրա այս պատասխանը զայրացրեց նախագահող դատավորին. «Միայն խնդրում եմ մի մոռացեք, որ դատարանում եք գտնվում, այն էլ իմ նիստին. նախագահող դատավոր Բաղդասարյան»,- ասաց դատավորը:

Այսօր դատարանում ցուցմունք տալու ցանկություն հայտնեց նաեւ Չարբախցի Գեղամի որդին՝ Գոռը, որը նախորդ նիստին հրաժարվել էր ցուցմունք տալուց՝ օգտվելով իր սահմանադրական իրավունքից:

Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր դատարանին հայտնեց, որ Գոռ Իսրայելյանը հետագայում հասկացել է, որ իր ցուցմունքերը կարող են էական նշաակություն ունենալ գործի համար, ուստի ցանկանում է ցուցմունք տալ եւ խնդրում է հարցաքննել իրեն: Դատարանը բավարարեց դիմումը եւ որոշեց հարցաքննել Գոռ Իսրայելյանին: Վկան պատմեց, որ դեպքի օրը գտնվել է տանը: Պատշգամբից նկատել է իրենց գեղեցկության սրահի մոտ կայանված անծանոթ մեքենաները, կարծել՝ ինչ-որ խառնաշփոթ է եւ իջել բակ: Նա հայտնեց, որ գեղեցկության սրահին կից նկուղ իջնելիս ճակատով հարվածել է առաստաղին, հետո գնացել սանհանգույց, որ տեսնի ինչ է եղել: «Սանհանգույցից դուրս եկա՝ տեսա մի 7-8 հոգի անծանոթ մարդկանց, ովքեր մտան ներս: Մինչեւ ներս մտնելը իմ ծանոթներից տեսել եմ Արտակին եւ Արսենին: Ներսում տեսա Գեւորգին, հարցրի՝ ի՞նչ է կատարվում, ասաց՝ մարդ ա գալու: Հետո 7-8 հոգի անծանոթ մարդիկ եկան, անծանոթներից մեկը գոռգոռում էր, Գեւորգն էլ փորձում էր կարգի հրավիրել նրան, որից հետո հայհոյել սկսեց Գեւորգին, Գեւորգն էլ՝ նրան»,-պատմեց վկան եւ նկարագրեց, թե ինչպես է անծանոթը ատրճանակը հանում եւ կրակում Գեւորգին: Նա նշեց, որ հետո է իմացել, որ այդ անծանոթի անունը Մուշեղ է, նա գրասենյակ էր եկել ինչ-որ գումարային խնդրի պատճառով. «Հետո եմ իմացել, որ Մուշեղն ասել է, որ ինչ-որ մեկն իրան 20 հազար ա պարտք, ասել էր՝ դա իմ ինքնասիրության հարցն է, էդ փողը ստանալու եմ, ով դեմս հելավ՝ կխփեմ»,-պատմեց վկան եւ  հավելեց, որ չգիտի, թե ով է այն անձը, որին պետք է Մուշեղը փող տար: Գոռ Իսրահելյանը պատմեց, որ երբ անծանոթ տղան կրակոցներ է արձակել, մյուսները դուրս են վազել: «Կրակում էր բոլորի վրա, ես թաքնվել էի բազմոցի հետեւը, հետո լսեցի՝ «Պատրոնները վերջացան, Գեւորին փրկեք» արտահայտությունը: Վազեցի, որ Գեւորգին ազատեմ, Մուշեղը գրկել էր, չէր թողնում, աթոռը վերցրի ու խփեցի, մի կերպ կարողացա պոկել Գեւորին նրա ձեռքերից ու իմ մեքենայով հասցնել հիվանդանոց»,-ասաց նա: Գոռ Իսրայելյանը նշեց, որ հիվանդանոցում վախեցած է եղել եւ Գեւորգին այնտեղ տանելուց հետո փախուստի է դիմել, որից հետո նախաքննական մարմին է հանձնել իրենց պատկանող գեղեցկության սրահի դռան մոտից գտած երկու դանակները, ինչպես նաեւ իրավապահներին է հանձնել նաեւ դեպքից հետո բակից գտած ատրճանակը: Գոռ Իսրայելյանի խոսքով՝ դեպքի օրը գրասենյակում հորը՝ Պետրոս Իսրայելյանին տեսել է այն ժամանակ, երբ կրակոցները վերջացել են. «Շատ խառն էի, միայն Գեւորգին փնտրելու մասին էի մտածում, դրա համար միայն հիշում եմ, որ հորս մի պահ եմ նկատել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալներն են քրեական հեղինակություններ Պետրոս Իսրայելյանը (Չարբախցի Գեղամ մականունով), Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան) եւ Արմեն Գասպարյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին