▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող 3 քրոջ հոգևոր ճամփորդությունն է. թուրք գրողի «Հահ» վեպը թարգմանվել է հայերեն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի հրավերով դեկտեմբերի 16-18-ը եռօրյա այցով Երևանում կլինի թուրքական ժամանակակից գրականության ամենահետաքրքիր դեմքերից մեկը՝ հայտնի կին գրող Բիրգյուլ Օղուզը։  Այցելության առիթը նրա «Հա՛հ» վեպ-պատմվածաշարի հայերեն հրատարակությունն է։ Հեղինակին միջազգային ճանաչում բերած և տասնյակ լեզուներով թարգմանված այս ուշագրավ գործն արժանացել է Եվրամիության Գրական մրցանակին: Այն հասանելի է դարձել հայ ընթերցողին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող ենթադրամաշնորհային բաղադրամասի շրջանակներում:

«Հա՛հ»-ի հայերեն թարգմանությունն իրականացվել է յոթ թարգմանչի, գեղարվեստական թարգմանության հրավիրյալ մասնագետ-տեսաբանների (ԱՄՆ-ից, Թուրքիայից և Հայաստանից), երկու խմբագրի և հեղինակի անմիջական մասնակցությամբ, ինչն աննախադեպ է մեր իրականության մեջ և՛ ներգրավված թարգմանիչների քանակի, և՛ համագործակցային թարգմանության մեթոդի կիրառման տեսանկյունից։ Այդ նպատակով 2017-ի հունիսի 1-7-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտեն վերոհիշյալ ենթադրամաշնորհի շրջանակներում կազմակերպել էր գրական թարգմանիչների «Հա՛հ» սեմինարը: Թարգմանական սեմինարի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ դիտելով CivilNet-ի պատրաստած «Գրականությունը հաղթահարում է սահմանը» տեսանյութը:

«Հա՛հ»-ը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երեք քրոջ հոգևոր ճամփորդությունն է։ Վեպ-պատմվածաշարի յուրաքանչյուր պատումն ազդու խորհրդածություն է վշտի թեմայով, հափշտակող մտապատկերների ոգեկոչում, ապշեցուցիչ դրամատիկ տրամադրությունների՝ զայրույթի, սիրո, հիասթափության, քմայքների, քնքշանքի և կարոտի հերթագայություն։ Սա մոգական գիրք է կյանքը փոփոխող այն հայտնությունների մասին, որոնք վիճակվում են ամեն մի վշտահար մարդու, թե՛ կյանքը, թե՛ մահը փառաբանող գիրք։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ «Հա՛հ»-ի հայերեն թարգմանությունից հատվածներ են հրապարակվել «Ինքնագիր» և «Գրանիշ» գրական ակումբների կայքերում։

Դեկտեմբերի 16-ին Բիրգյուլ Օղուզը կմասնակցի մի շարք միջոցառումների Արամի 42/1 հասցեում գտնվող «Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան»-ում: Այդ միջոցառումներն են՝

 

15:00 - 15:40

Ճեպազրույց (բրիֆինգ) մշակութային լրագրողների հետ:

Հայերեն-թուրքերեն երկկողմ թարգմանությունը կապահովվի:

18:00 - 20:00

Գրքի շնորհանդես և մակագրում:

Միջոցառումը կվարեն գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանը և  հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը:

20:00 - 22:00

Հանդիպում-զրույց «Ինքնագիր» գրական ակումբի անդամների և ընթերցողների հետ:

Հանդիպումը կվարեն ակումբի նախագահ, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը և գրքի համախմբագիր Արմեն Հայաստանցին:

 

Կարդացեք նաև` Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարանում տեղի կունենա թուրք գրողի վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին