2017 թվականին Հայաստանում հնագետների պնդմամբ՝ փայլուն արդյունք է գրանցվել՝ «Լեռնագոգ 1» հնավայրում առաջին անգամ արձանագրել ենք մշտական բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են Ք.ա 8-րդ հազարամյակի վերջով, 7-րդ հազարամյակի սկզբով:
«Մենք բնակատեղի ենք տեսնում 8-րդ հազարամյակում, այնինչ մտածում էինք, որ Արարատյան դաշտը դեռ այդ ժամանակ ճահիճ էր ու լիճ: Պարզվում է, որ Արարատյան դաշտից մի փոքր վերև մարդիկ բնակվել են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ հավելելով.
«Նախքան Լեռնագոգը ՀՀ տարածքում ամենահին բնակատեղիներից էր օրինակ Ակնաշեն հնավայրը, որը թվագրվում է Ք.ա 6-րդ հազարամյակի առաջին քառորդով: Բնակության մասին վկայություններ կա նաև Մասիս բլուրում: Այնտեղից գտել ենք ցորենի մնացորդներ: Անցած տարի Արտենիում արձանագրել ենք նաև նոր տիպի հուշարձան: Դրանք «Անապատի օդապարուկներ» անվանումը ստացած որոգայթներ են, որոնց մասին մենք պատկերացում չունեինք: Հետաքրքիր կառույցներ են, անիվ են հիշեցնում: Ուստի, պեղումներ ենք սկսել, որպեսզի հասկանանք նրանց մշակութա-ժամանակագրական պատկանելիությունը և այն, թե ինչի՞ համար են կիրառվել»:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանն էլ նկատեց.
«Լեռնագոգի կարևորությունն այն է, որ մենք ոչ միայն 8-րդ հազարամյակի շերտեր ենք գտել, այլ կավից շինության հետքեր, որը 1000 տարով հետ է տանում: Կարող ենք ասել, որ հասարակությունը, որն ապրում էր այդտեղ, տիրապետում էր որոշակի ճարտարապետության: Հնավայրում հայտնաբերված բոլոր իրերի՝ ոսկրաբանական նյութերի, ածուխների ուսումնասիրությունը նույն ժամանակաշրջանի թվագրում ունեն: Դեռևս 2015 թ. հետախուզական աշխատանքներ կատարելուց այստեղ գտել էինք 10-րդ հազարամյակին բնորոշ գործիքներ, որոնք քարից ճարտարապետության հետ կապ ունեին: Այժմ Ճապոնիայում ուսումնասիրվում է ոսկրաբանական նյութը.կհասկանանք՝ վայրի, թե՞ ընտելացված կենդանիներ են եղել տարածքում»:
Ճապոնիայի Տոկայի համալսարանի դոկտոր Մակոտո Արիմուրան էլ նշեց.
«Նեոլիթյան ժամանաշրջանում մարդիկ նստակյաց կյանք էին վարում: Դուք ամեն օր հաց եք ուտում, որի պատրաստման եղանակը եղել է այդ ժամանակաշրջանից: Բազմաթիվ առարկաներ ենք գտել օբսիդիանից, ոսկորից: Ինձ համար անակնկալ էր, ես ապշեցի, երբ Լեռնագոգում ճարտարապետություն հայտանբերեցին: Նման ճարտարապետության այս տարածաշրջանում առաջին անգամ է հայտնաբերվել»:
Պավել Ավետիսյան վերջում Մշակույթի նախարարությանը հորդորեց թվագրել ու պահել այս ամենը, քանի որ բոլոր հուշարձանները վտանգված են, ցանկացած պահի կարող են սրբել-թափել:
Անի Կարապետյան