ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:
Պաշտպանության նախարարը, մասնավորապես, գրել է. «Սիրելի ընկերներ, հենց նոր իմ երկու ընկերները հայտնեցին Ալբերտի բուժման համար ևս 11.000 նվիրաբերելու մասին։ Մեր սիրելի խմբավար Կարեն Դուրգարյանը՝ 1000 և Փարիզից Ռայմոնդ Եզեկուլյանը 10.000 ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, չհաշված Ալբերտի մայրիկի կողմից բացված հաշվում հավաքագրված գումարը, որի չափն ինքը կհայտնի, ունենք 45000-ից 25.000։ Վատ չէ 24 ժամվա համար։ Պահենք տեմպը և հաջորդ շաբաթ բուժման ուղարկենք Ալբերտին»։
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արարատի Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա. Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա. Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող:
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Վիգեն Սարգսյանի կոչը՝ միանալ դրամահավաքին և օգնել զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցում,հենց պաշտպանության նախարարի գրառման մեկնաբանություններում «բոշայություն» էր որակել, ինչին նախարարը պատասխանել էր՝ «բոշան դու ես»:
Ավելացնենք, որ Վիգեն Սարգսյանի գրառումը լայն քննարկման թեմա է դարձել համացանցում: Լրագրող Արթուր Հայրապետյանը, մասնավորապես, գրել է. «Վիգեն Սարգսյանն, ինչպես կբացատրի, թե ինչու է Ալբերտի գխին կրակած ու նրան մի քանի ամսով կոմայի մեջ գցած սպան ազատության մեջ ու հետն էլ մինչեւ հիմա աշխատում է։
Հ.Գ. ու այդ սպայի ենթակայության տակ այժմ քանի զինվոր կա...»: