Կեմերովոյի հրդեհի զոհերի ցուցակում 2 հայի անուն է հայտնվել, իսկ զոհերի թիվը հասել է 76-ի:
Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը armtimes.com-ին հայտնել է, որ այսօր արդեն պարզվել է, որ մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված մահաբեր հրդեհի զոհերի ցուցակում երկու հայ կա: Միրզախանյանը հայտնեց, որ զոհերի պաշտոնական թիվն այս պահին արդեն 76 է:
Ըստ Գեորգի Անտոնով-Միրզախանյանի՝ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008:
«Փաստաթղթերում իրենք ռուսներ են համարվում, բայց Դմիտրիի հայրը Սարգիս Կարապետի Խումարյանն է՝ ծնունդով Ախալցխայից, վրացահայեր են: Բայց քանի որ Սարգիս Խումարյանը կնոջից բաժանված է եղել, տղային՝ Դմիտրիին, տվել է մոր ազգանունը՝ Գալանին, եւ բնականաբար տղայի տղան էլ Գալանին է: Դմիտրին Խումարյանի հարազատ տղան է: Թե՛ Դմիտրիի, թե՛ Միխայիլի մայրերը ռուսներ են: Ու քանի որ ամուսնալուծված են եղել, ծննդյան վկայականներում գրել են, որ ռուսներ են:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո մարզի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով 70 մարդ անհետ կորած է համարվում: Զոհերի թիվը գնալով ավելանում է, նրանց թվում երեխաներ կան:




