aravot.am-ը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակել Արթուր Վանեցյանին: Ո՞վ է Արթուր Վանեցյանը, որը մինչ այս պաշտոնը զբաղեցնելը եղել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետի տեղակալ: Լրագրողները նրան հիշում են որպես իրենց մուտքը ՊՊԾ գունդ համակարգող եւ կազմակերպող: Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը Երեւանի ամենաթանկ` «Վիլլա Մոնտեսորի» մանկապարտեզի ու դասապատրաստման կենտրոնի հիմնադիրն է, նաեւ մեր տեղեկություններով ԱԻՆ-ի աշխատակից:
«Հետքը» անդրադարձել էր Վանեցյանի հոր ծաղկային բիզնեսին: Ֆինանսների նախարարության ցանկում ծաղիկներ ներմուծող կազմակերպություններից է «Ավ գրուպ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը և տնօրենը Գագիկ Վանեցյանն է: Իսկ մայրը՝ նախկին ԱԺՄ-ական Մարգարիտա Ազարյանը, երկար տարիներ աշխատել է նախագահի աշխատակազմում: Հավելենք, որ Արթուր Վանեցյանը մտերիմ է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ, ինչը երբեք չի էլ թաքցվել: Հավելենք, որ նշանակումից րոպեներ անց Արթուր Վանեցյանը եւ նրա տիկինը «ջնջվել» են ֆեյսբուքից:
Հեղինակ՝ Գոհար Հակոբյան
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում