Այսօր, կիրակի, տեղի է ունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նորանշանակ նախարարների հանդիպումը:
Մամուլի հաղորդագրությունը՝ կարդացեք այստեղ
...
Այսօր՝ մայիսի 12-ին ամբողջությամբ ձեւավորվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի նոր կառավարությունը, ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվեցին բոլոր նախարարները:
Ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո համաժողովրդական ալիքի ֆոնին իշխանության եկած կառավարությունում, որը բաղկացած է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետից եւ 17 նախարարներից, ընդամենը երկուսն են կին: Նրանցից մեկը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանն է. նա զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Երկրորդը Լիլիթ Մակունցն է, նշանակվել է մշակույթի նախարար:
Առաջին փոխվարչապետի եւ մեկ փոխվարչապետի պաշտոնները զբաղեցրել են Փաշինյանի կուսակիցներ Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը, երկրորդ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է բանկիր Մհեր Գրիգորյանը:
Փաշինյանի կառավարությունում ՀՅԴ-ին բաժին է հասել 2 նախարարական պորտֆել. Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ՝ գյուղատնտեսության նախարար:
ԲՀԿ-ի քվոտայով 2010-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակված Արթուր Գրիգորյանը հիմա էլ զբաղեցրել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը: Նախկին քննիչ Աշոտ Հակոբյանը դարձել է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար։ ԲՀԿ-ական Լեւոն Վահրադյանը զբաղեցրել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը: Իսկ ԲՀԿ քվոտայով 2012-ին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստամյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ամենաերիտասարդ անդամը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է՝ 27 տարեկան, ամենատարեցը՝ Զոհրաբ Մնացականյանը՝ 52 տարեկան: Կառավարության անդամների միջին տարիքը 40-ից քիչ ավելի է:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 39 տարեկան է, պատմական գիտությունների թեկնածու: Արարատ Միրզոյանը դասախոսել է Երեւանի պետհամալսարանում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ունի 2 երեխա:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 29 տարեկան է, ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը` ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։ 2014թ.-ից հիմնադրել եւ ղեկավարում է «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ 2016-ին ՀՀ ՊՆ-ի կողմից պարգեւատրվել է պատվոգրով՝ ապրիլին եւ մայիսին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ունի 2 դուստր:
ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 46 տարեկան է, բանկիր: Աշխատել է Կենտրոնական բանկում, Հայներարտբանկում (հիմա՝ Ամերիա), HSBC բանկում, եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը, ՎՏԲ Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալը: Նա պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։ Մհեր Գրիգորյանն ունի երկու երեխա:
ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը 52 տարեկան է, ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Կրթություն է ստացել Մանչեսթերի Վիկտորիա համալսարանում: Շատ հարուստ դիվանագիտական կենսագրություն ունի: Աշխատել է ԱԳՆ-ում, Վատիկանում, Լոնդոնում, Ժնեւում, Ստրասբուրգում: Եղել է ԱԳ փոխնախարար, 2014-ից ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն է: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։ Անկուսակցական է, ամուսնացած է, ունի երկու որդի։
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 51 տարեկան է: Նա ավարտել է Երեւանի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետը, նաեւ ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան։ 2004-2007 թվականներին Տոնոյանը եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։ 2010-ից 6 տարի զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, ապա նշանակվել ԱԻ նախարար: Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում պարգեւատրվել է մի շարք մեդալներով, ունի երկու դուստր եւ մեկ որդի:
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 49 տարեկան է: 1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է եւ կորցրել ոտքը: Եղել է առողջապահության փոխնախարար: 2010-ին դասավանդել է ՀՀ Փաստաբանների դպրոցում եւ ՀՀ Փաստաբանների պալատում: Զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ: Ամուսնացած է, ունի չորս զավակ եւ մեկ թոռ:
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը 39 տարեկան է: Մասնագիտությամբ արեւելագետ է, պատմական գիտությունների թեկնածու: Նա 2007-ից դասախոսում է ԵՊՀ-ում, 6 գիտական հոդվածի հեղինակ է: Արայիկ Հարությունյանը համախոհների հետ հիմնադրել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, «Բանակն իրականում» խմբի անդամ է։ Արայիկ Հարությունյանը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը 47 տարեկան է: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, մեկ մենագրության, մի շարք հոդվածների եւ զեկույցների հեղինակ։ 1995 թվականից աշխատում է ֆինանսների նախարարությունում: 1999-ից ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետն է: Ատոմ Ջանջուղազյանը դասավանդում է մի շարք բուհերում: Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ երկու որդի։ Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին։
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը 32 տարեկան է, պատմաբան: 2012-2016թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահն է:
ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը 27 տարեկան է: Արեւելագետ է, գիտական հոդվածների հեղինակ: Մխիթար Հայրապետյանը 2012-ին թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի հետ հիմնել է AllTurkey.am թուրքագիտական պորտալը: Աշխատել է մի շարք լրատվական գործակալություններում՝ որպես վերլուծաբան:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը 40 տարեկան է, ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, ինչպես նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանիի բիզնեսի կառավարման բաժինը: 2009 թվականից աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։ 2017 թվականին «Ելք» դաշինքի կողմից ընտրվել է ԱԺ պատգամավոր: «Լուսավոր հայաստան» կուսակցության փոխնախագահն է, ունի երկու երեխա:
ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ
Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը 37 տարեկան է: Մասնագիտությամբ ատամնաբույժ-թերապեւտ է: Դասախոսել է Երեւանի պետական բժշկական համալսարանում։ 2012-ին նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար։ Այդ պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2016-ին: Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում: ՀՀ սպորտի վարպետ է, Միջազգային կարգի մրցավար։ Ռոստոմյանն անկուսակցական է:
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը 49 տարեկան է: Աշխատել է արդարադատության նախարարությունում, Վերահսկիչ պալատում: 2010-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ ԲՀԿ-ի քվոտայով: Արդարադատության փոխգնդապետ է: Ամուսնացած է, ունի երկու զավակ։
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը 46 տարեկան է: Մասնագիտությամբ ֆիզիկոս է: Ավարտել է ԵՊՀ-ն, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը: Արթուր Խաչատրյանը Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: 2016-2017թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ, ապա նշանակվել է Շիրակի մարզպետ: Տիրապետում է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին: 1991թ.-ից ՀՅԴ անդամ է: Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 36 տարեկան է, ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: 2010-2011թթ. ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիթորինգի եւ գնահատման բաժնի վարիչն է եղել, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Եղել է ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրենը: Հեղինակ է հայաստանյան եւ միջազգային գիտական ամսագրերում տպագրված մի շարք հոդվածների: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը 35 տարեկան է, բանասիրական գիտությունների թեկնածու: Անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցում: 2005թ.-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016 թթ.-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում: Ամուսնացած չէ:
ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը 46 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ եւ իրավաբան: ԵՊՀ-ից հետո կարճաժամկետ ծրագրերով ուսումը շարունակել է Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Նյու Յորքում: 2012 եւ 2017 թվականներին երկու անգամ ՀՅԴ կողմից ընտրվել է ԱԺ պատգամավոր: 2005-2007 թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար: Եղել է Էկոնոմիկայի նախարար եւ բնապահպանության նախարար: Արծվիկ Մինասյանը ՀՅԴ անդամ է:
ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը 39 տարեկան է: Սովորել է ԵՊՀ-ում, Հունաստանում, Գերմանիայում, մասնագիտությամբ տնտեսագետ է: 2002 թվականից աշխատում է բնապահպանության նախարարությունում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Աշխատել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի ծրագրերում: 2017-ի փետրվարից եղել է վարչապետի օգնական: Գիտական հոդվածների հեղինակ է: Անկուսակցական է, ամուսնացած է, ունի երկու որդի:
ԼԵՎՈՆ ՎԱՀՐԱԴՅԱՆ
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը 34 տարեկան է, սովորել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, որտեղ էլ 2006-2010թթ. դասախոսել է: Ավարտել է նաեւ Պետական կառավարման ակադեմիան: Աշխատել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում (նախարարի օգնական, ապա՝ խորհրդական), ՀԱՕԿ-ում: Նա նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետն էր: Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը 50 տարեկան է։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Աշխատել է Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունում ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում։ Եղել է քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ։ Արդարադատության գնդապետ է։ Վերջին տարիներին զբաղվել է մասնավոր բիզնեսով։ Ամուսնացած է, ունի 2 երեխա:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը 48 տարեկան է: Նա տարբեր տարիների ոստիկանությունում զբաղեցրել է պաշտոններ, այդ թվում՝ եղել է գնդի վաշտի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, Երեւան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ, Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ: Օսիպյանն աչքի է ընկել որպես բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարող անձ: 2016-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդառվել է «Սասնա ծռերի» կողմից: Ամուսնացած է, երկու 2 զավակ:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը 39 տարեկան է, Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի համալսարանում, ՌԴ անվտանգության ծառայության ակադեմիայում: ԱԱԾ համակարգում է 2000 թվականից, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2016-2018 թթ. զբաղեցրել է ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը: Արթուր Վանեցյանը գնդապետ է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 20-օրյա ժամկետում Ազգային ժողովին կներկայացնի կառավարության ծրագիրը։